18:40  ,  25 փետրվարի, 2017

Fight Nights-ը խզել է ադրբեջանցուն հաղթած Վարդան Ասատրյանի հետ պայմանագիրը

Fight Nights Global պրոմոուտերական ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանը ներկայացնող խառը մենամարտերի մարզիկ Վարդան Ասատրյանի հետ համագործակցությունը: Ընկերության հայատարարության համաձայն՝ հայ մարզիկի հետ պայմանագիրը խզվել է էթիկայի կանոնները խախտելու պատճառով:

«Այսօր պաշտոնապես խզվել է Վարդան Ասատրյանի հետ պայմանագիրը: Պատճառը մարզիկի կողմից էթիկայի կանոնների խախտումն է, որն արտահայտվեց քաղաքական բովանդակությամբ պաստառ ցուցադրելով: Մարտիկների պայմանագրերում կան կետեր, որոնք նվիրված են այդ հարցերին եւ պահանջում են պարտադիր պահպանել դրանք»,- Fight Nights-ի հայտարարությունը փոխանցում է ընկերության պաշտոնական էջը «ВКонтакте» սոցիալական ցանցում:

«Այլ ազգերի հանդեպ ցանկացած տեսակի անհարգալից վարքի դրսեւորումներն անթույլատրելի են: Քաղաքական բովանդակությամբ հանդես եկող եւ մարդկանց վիրավորող բոլոր մարզիկները պետք է պատժվեն: Նմանատիպ բոլոր դեպքերը մանրակրկիտ քննարկում է փորձագետների հանձնաժողովը»,- ասել է Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիեւը:

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Խիմկիում անցկացված Fight Nights խառը մենամարտերի մրցաշարում Վարդան Ասատրյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին: Հաղթանակից հետո հայ մարտիկը ցուցադրել էր Հայաստանի ու Արցախի դրոշները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում