10:25  ,  25 փետրվարի, 2017

Մոուրինյոն ասուլիսին ներկայացել է Ռանյերիին նվիրված շապիկով (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման նախախաղային ասուլիսին ներկայացել է «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կլաուդիո Ռանյերիին նվիրված շապիկով: Պորտուգալացի մասնագետի շապիկին եղել են իտալացի մասնագետի անունի եւ ազգանունի առաջին տառերը՝ CR:

«Շապիկիս վրայի տառերը նվիրված են Պրեմյեր լիգայի ամենագեղեցիկ պատմությանը: Նա արժանի է, որ «Լեսթերի» ստադիոնն անվանակոչվի Կլաուդիո Ռանյերիի անունով: Նրա նվաճումն ամենագեղեցիկն է Պրեմյեր լիգայում եւ մեկն ամենահիշարժաններից ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Մոուրինյոն, փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում թիմը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում եւ խմբային փուլում գրավեց առաջին տեղը, իսկ 1/8 եզրափակիչի առաջին խաղում դրսում 1։2 հաշվով պարտվել է իսպանական «Սեւիլիային»: Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո լեսթերցիները 21 միավորով 17-րդ տեղում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում