19:08  ,  23 փետրվարի, 2017

Եղիշ Դավթյանը՝ բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու մասնագետ Եղիշ Դավթյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի բասկետբոլի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն են Կոսովոյի, Նորվեգիայի եւ Կիպրոսի հավաքականները:

Կենսագրություն

Եղիշ Դավթյանը ծնվել է 1950 թվականին: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1990-1993 թթ. աշխատել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտում, որպես մարզախաղերի ամբիոնի վարիչ, հեղինակ է հիսունից ավելի տպագրված աշխատանքների:
ԽՍՀՄ սպորտի վարպետ է, մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների չորս սպարտակիադաների:

2002 թ. շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողի կոչում:

2004 թ. շնորհվել է Հայաստանի վաստակավոր մարզիչի կոչում:

1985-1989 թթ. մարզել է բասկետբոլի Ալժիրի հավաքականը եւ բարձրագույն խմբի մի շարք ակումբներ, մասնակցել է Աֆրիկայի եւ Արաբական երկրների առաջնություններին:

1990-1993 թթ. մարզել է «Ուրարտու» մարզական ակումբի բասկետբոլի թիմը:

1993-2000 թթ. մարզել է Լիբանանի ազգային հավաքականը եւ բարձրագույն խմբի մի քանի թիմեր, դարձել է երկրի գավաթակիր, երկրի պատանիների չեմպիոն, Արաբական երկրների բրոնզե մեդալակիր: 

2001-2002 թթ. Սիրիայի Հալեպ քաղաքում մարզել է «Ալ-Ջալահ» ակումբի տղաների եւ աղջիկների բարձրագույն խմբերի թիմերը։

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում