01:04  ,  23 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Աջ ազդրիս ետեւի մկանն է ցավում

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Սենթ Էթյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան խաղում վնասվածքի պատճառով արդեն 25-րդ րոպեին փոխարինված Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իրավիճակը:

«Աջ ազդրիս ետեւի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին եւ հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը՝ բուժզննումից հետո»,- ասել է Մխիթարյանը ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթել է ֆրանսիական թիմին եւ դուրս եկել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:

Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ հայ ֆուտբոլիստի մասնակցությունը փետրվարի 26-ին Լոնդոնի «Ուեմբլիում» կայանալիք Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին հարցականի տակ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում