12:12  ,  22 փետրվարի, 2017

Ժոզե Մոուրինյո. Լյուկ Շոուն պետք է օրինակ վերցնի Հենրիխ Մխիթարյանից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն չի մեկնել ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղին:

«Շոուն մնացել է Մանչեսթերում, քանի որ իմ մոտ խաղում են Բլինդը, Ռոխոն ու Դարմիանը: Ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք կատարում եզրային պաշտպանի պարտականությունները: Լյուկը պետք է սպասի իր շանսին: Նա պետք է ավելի շատ աշխատի եւ իմանա, որ ոչինչ հենց այնպես չի տրվում:

Պոտենցիալի առումով նրա մեջ ինձ շատ բան դուր է գալիս, սակայն պոտենցիալը մեկ այլ բան է, իսկ քո որակները խաղադաշտում ցուցադրելը՝ այլ: Նա պետք է շարունակի ջանասիրաբար աշխատել, ինչպես դա երկար ժամանակ անում էր Հենրիխ Մխիթարյանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Սենթ Էթյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա փետրվարի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին: Առաջին խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում