15:34  ,  20 փետրվարի, 2017

Օուեն Հարգրիվզ. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը կարծիք է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի թիմի լավագույն ֆուտբոլիստն է:

«Ես Մխիթարյանին համարում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստը: Նրան պարզապես տարածություն է հարկավոր, որպեսզի ցուցադրի իր կրեատիվությունը: Իբրահիմովիչը բացառիկ է, սակայն ես կարծում եմ, որ Մխիթարյանն ու Պոգբան են թիմի ապագան»,- Հարգրիվզի խոսքը փոխանցում է thepeoplesperson.com-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր «Բլեքբերնին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ դարձել տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ Մխիթարյանը ճանաչվել էր նաեւ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Քառորդ եզրափակիչում Ժոզե Մոուրինյոյի թիմը կմրցի Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում