22:06  ,  17 փետրվարի, 2017

Արմեն Մկրտչյան. Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին չի կարելի բաց թողնել

Առաջին օրվա արդյունքներից գոհ եմ, շատ լավ էր: Այսպես գնահատեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում մրցելույթները ազատ ոճայինների Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 4 քաշային կարգերի՝ 57 կգ, 65 կգ, 74 կգ եւ 97 կգ ներկայացուցիչները: Հայաստանի չեմպիոններ դարձան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Գեւորգի Կետոեւը (97 կգ): Հայաստանի առաջնությանը չմասնակցեց աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:

Գոտեմարտերից հետո Արմեն Մկրտչյանն ամփոփեց մրցումային առաջին օրը:

«Հայաստանի առաջնության արդյունքները նորմալ է, նույնիսկ շատ լավ: Այս առաջնությունով վերջնական պատկեր չեմ կարող կազմել մարզիկների հնարավորությունների մասին: Սրանից հետո կանցկացնենք հավաք, որի ընթացքում նոր ընդհանուր պատկերը կունենամ մարզիկների, խնդիրների, բացթողումների ու առավելությունների մասին:

57, 65, 74 եւ 97 կգ քաշայինների պայքարին մասնակցեց 37 ըմբիշ: Այս քաշային կարգերում դեռեւս յուրահատուկ անակնկալներ չեղան: Բայց ներուժը կա, որ հետագայում հաճելի անակնկալներ կունենանք: Ես դեռեւս նոր եմ ծանոթանում նոր քաշային կարգերի ներկայացուցիչների հետ: Ինձ այսօր դուր եկան 57, 65 կգ քաշայինների պայքարը, 74-ում էլ մրցակցություն կար: Որտեղ մրցակցություն կա, հետաքրքրությունը մեծանում է: Ծանր քաշում մեկ երկու մասնակից ունեինք, ինչն արդեն խոսում է ծանր քաշի խնդրի մասին:

Առայժմ խնդիրների մասին չեմ բարձրաձայնի, հավաքների ընթացքում արդեն մարզչական կազմով կքննարկենք կամփոփենք Հայաստանի առաջնությունը, առաջ կքաշենք խնդիրները եւ կփորձենք այդ խնդիրներին լուծում տալ:

Ինչ վերաբերում է Դավիթ Սաֆարյանին, նրանից այս պահին տեղեկություն չունեմ: Դեռ նրա հետ չեմ զրուցել: Նա Հայաստանում չէ: Եթե այստեղ լիներ, այսօր կմասնակցեր առաջնությանը եւ վստահ Հայաստանի չեմպիոն կդառնար: Դեռեւս տեղյակ չեմ, նա շարունակելու է մարզական կարիերան, թե ոչ, բայց ինքս շատ կուզեմ, քանի որ աշխարհի չեմպիոն է, թիմի առաջատարներից է: Կզրուցեմ, կհասկանամ վնասվածքների խնդիր ունի, թե ոչ, ցանկանում է մասնակցել, թե ոչ: Աշխարհի չեմպիոնին չի կարելի բաց թողնել»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Հայաստանի առաջնության մրցավարությունից նորանշանակ մարզիչը գոհ է: Նրա խոսքով օրվա չեմպիոնները արդար մրցավարության եւ արդար պայքարով են նվաճեցլ հաղթողի կոչումները:

«Մարզիկները արդար պայքարում հաղթեցին ու պարտվեցին: Մրցավարների կողմից որեւէ մարզիկ չառանձնացվեց: Տարաձայնությունները միշտ լինում են, ինչը նորմալ երեւույթ եմ համարում: Բայց հայ մրցավարներն այսօր պրոֆեսիոնալ կատարեցին իրենց աշխատանքը: Ես դժգոհություններ չունեմ»,- նշեց Արմեն Մկրտչյանը:

Հայաստանի առաջնությունից հետո ազատ ոճայինները մի քանի ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Դրանք կլինեն Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլ: Առաջին հավաքը կմեկնարկի անմիջապես Հայաստանի առաջնությունից հետո: Իսկ մինչ Եվրոպայի առաջնությունը, թիմը կմասնակցի նաեւ Թուրքիայում կայանալիք մրցաշարի:

Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը գորգ դուրս կգան 61, 86, 70 եւ 125 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում