13:05  ,  16 փետրվարի, 2017

«Ռեալի» ու Ռոնալդուի ռեկորդները

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում օգնելով գոլ խփել գերմանացի Տոնի Կրոսին, 31-րդ գոլային փոխանցումն է կատարել այս մրցաշարում՝ սահմանելով ռեկորդ, հայտնում է Statbunker-ը:

Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզին, որը կատարել է 30 փոխանցում: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 24 փոխանցում:

Արքայական ակումբն էլ կրկնել է սեփական ռեկորդը՝ բոլոր մրցաշարերում գոլ խփելով 41-րդ խաղում անընդմեջ: Նախորդ անգամ «Ռեալը» գոլ խփել չի կարողացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2016-ի ապրիլի 26-ին կայացած Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում, որն ավարտվել էր 0:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել էր 3:1 հաշվով: «Ռեալի» ու «Նապոլիի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Նեապոլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում