21:42  ,  14 փետրվարի, 2017

Սպորտի ոլորտում այս տարի կկատարվի 7 միլիոն դոլարի մասնավոր ներդրում

Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի քարոզչության եւ տարածման նպատակով սպորտի ոլորտում այս տարի մասնավոր միջոցներով կկառուցվեն եւ կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլն ԱՄՆ դոլարը, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավոր միջոցներով 2017 թ. հիմնանորոգվելու են Իջեւանում գտնվող լողավազանը եւ հարակից շինությունները: Աշխատանքների իրականացման համար ներդրվելու է 163 հազար դոլար:

Սիսիանում կավարտվի խաղային եւ մենապայքարային մարզաձեւերի մարզադահլիճի շինարարությունը, որի համար 2017 թվականին մասնավորի կողմից ներդրվելու է 35 հազար  դոլար: Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, արդեն կատարվել է 65 հազար դոլարի ներդրում:

Ընթացիկ տարում Գյումրի սկսվելու են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Մեկնարկային 2017 թվականին մարզադպրոցի կառուցման համար կներդրվի 412,3 հազար դոլար, հաջորդ տարիներին՝ 824,7 հազար դոլար:

Մասնավոր միջոցներով 2017-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2,4 միլիոն դոլար:

4,1 միլիոն դոլարի ներդրում կատարվելու է Օլիմպավանի լողավազանի եւ խաղային մարզաձեւերի դահլիճի կառուցման նպատակով, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքներն են անցնելու խաղային եւ ջրային մարզաձեւերի Հայաստանի հավաքական թիմերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում