20:53  ,  21 հունվարի, 2017

Ռունիի պատմական գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» փրկեց Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրը

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտությունից փրկվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ծննդյան 28-րդ տարեդարձի օրը: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցն էր «Սթոք Սիթին», որը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակի չորրորդ րոպեին՝ 1:1: Դաշտի տերերին տխրեցրեց անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, որը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն:

Օրվա հոբելյարը խաղը սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Սկզբնամասում ընթանում էր հավասար պայքար, իսկ 19-րդ րոպեին գնդակը հայտնվեց հյուրերի դարպասում: «Սթոք Սիթիին» առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի ինքնագոլը: Բաց թողած գոլից հետո մանչեսթերցիները սկսեցին ավելի վտանգավոր գրոհել եւ առաջին խաղակեսում ստեղծեցին 3-4 իրական գոլային պահեր, որոնք օգտագործել չհաջողվեց: Նախ 31-րդ րոպեին իր սխալն ուղղել չկարողացավ Մատան, որը չգրավեց դատարկ դարպասը: Քիչ անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլային պահ կորցրեց Զլատան Իբրահիմովիչը, իսկ 37-րդ րոպեին հարմար դիրքում հայտնվեց արդեն Հայաստանի հավաքականի ավագը, որի հարվածը բարձր ստացվեց: Խաղակեսի վերջնամասում հյուրերը խաղարկեցին վտանգավոր անկյունային հարված, որից հետո Պոլ Պոգբան չիրացրեց հերթական գոլային պահը:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ նկատելի տարածքային առավելություն եւ անցկացնում էր բազմաթիվ գրոհներ, իսկ «Սթոք Սիթին» խաղում էր հակագրոհներով: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 73-րդ րոպեին, իսկ հյուրերն աստիճանաբար մեծացնում էին մրցակցի դարպասի վրա ճնշումը եւ վերջին վայրկյաններին հասան հաջողության: 94-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ գոլ խփեց փոխարինման դուրս եկած Ուեյն Ռունին: 31-ամյա Ռունին 250-րդ գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եւ, մեկ գնդակով շրջանցելով լեգենդար Բոբի Չարլթոնին, դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չպարտվեց 17-րդ խաղում անընդմեջ, իսկ Պրեմյեր լիգայում 41 միավորով մնաց 6-րդ տեղում:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

Խուան Մատա, 19 (ինքնագոլ) – Ուեյն Ռունի, 90+4

«Բորնմութ» - «Ուոթֆորդ»՝ 2:2

Ջոշուա Քինգ, 48, Բենիկ Աֆոբե, 82 – Կրիստիան Կասաբելե, 24, Տրոյ Դինի, 64

«Միդլսբրո» - «Վեստ Հեմ»՝ 1:3

Կրիստիան Ստուանի, 27 – Էնդի Քերոլ, 9, 43, Ջոնաթան Կալերի, 90+5

«Վեստ Բրոմվիչ» - «Սանդերլենդ»՝ 2:0

Դարեն Ֆլետչեր, 30, Քրիս Բրանտ, 36

«Քրիսթալ Փելաս» - «Էվերտոն»՝ 0:1

Շեյմուս Կոլման, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով