11:55  ,  21 հունվարի, 2017

Շախմատի Հայաստանի չեմպիոնները որոշվել են վերջին տուրում

Հովհաննես Գաբուզյանը դարձել է շախմատի Հայաստանի 2017 թվականի չեմպիոն: Այս հաղթանակի շնորհիվ նա կընդգրկվի շախմատի Հայաստանի հավաքականի կազմում:

Վերջին տուրից առաջ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը վաստակել էին 4.5-ական միավոր եւ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում Գաբուզյանը հաղթեց Հայաստանի 2016թ. չեմպիոն Զավեն Անդրիասյանին եւ, վստակելով 5.5 միավոր, նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Ընդ որում՝ մեկնարկային 5 տուրերում Հովհաննես Գաբուզյանը վաստակել էր ընդամենը 1.5 միավոր: 

5 միավոր վաստակած Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Հայկ Մարտիրոսյանը նույնքան միավորով երրորդն էր:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Մարիա Գեւորգյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Սիրանուշ Ղուկասյանին, որը վերջին տուրում պարտվեց Աննա Հայրապետյանին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Մարիա Գեւորգյանը պաշտպանեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Բրոնզե մեդալակիր դարձավ Սուսաննա Գաբոյանը, որը հավաքեց 6 միավոր: Նույնքան միավոր ուներ նաեւ չորրորդ տեղում հայտնված Աննա Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում