Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ թիմի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի հետ տարաձայնությունները հաղթահարված են եւ արդեն հունվարի 22-ին նա կարող է մասնակցել «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպմանը:
«Կարծում եմ՝ Կոստան ցանկանում է մնալ այստեղ: Նա երջանիկ է խաղալ «Չելսիում»: Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ամենակարեւորն այն է, որ նա մարզվում է թիմի հետ, նրա վնասվածքն անցյալում է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Բրիտանական մամուլի տվյալներով, Կոստան ու Կոնտեն վիճել էին, երբ ֆուտբոլիստը դժգոհել էր մեջքի ցավերից, իսկ բժիշկները եզրակացրել էին, թե ոչ մի խնդիր չկա: Անցած շաբաթ Կոստան բաց էր թողել երեք մարզում: Բացի այդ չինական ակումբներից մեկը գրավիչ առաջարկ էր արել ֆուտբոլիստին, սակայն «Չելսին» մերժել էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում