12:05  ,  18 հունվարի, 2017

Լուի վան Գալը հերքել է կարիերան ավարտելու մասին լուրը

Հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալը հերքել է լուրերը, թե որոշել է ավարտել մարզչական կարիերան: Նախօրեին հոլանդական De Telegraaf-ը հրապարակել էր հարցազրույց, որում 65-ամյա մարզիչը հայտել էր կարիերան ավարտելու մասին:

«Ոչ, ոչ, ոչ. ես չեմ ավարտում կարիերաս: Ես մեկ տարով դադար եմ վերցրել, իսկ դրանից հետո նոր որոշում կկայացնեմ: Կարիերան ավարտելու հավանականություն կա, բայց դա վերջնական չէ: Հոլանդիայում մամուլը գրում է այն ամենը, ինչ ցանկանում է: Ես նրանց ասել էի, որ կարող եմ ավարտել կարիերաս, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: Ամեն բան կախված է առաջարկներից, որոնք ես կստանամ: Որոշում կկայացնեմ հուլիսին: Ես կարող էի վերադառնալ Իսպանիա: «Վալենսիան» ինձ պայմանագիր առաջարկեց վերջերս, սակայն ես մերժեցի: Չեմ բացառում Իսպանիա վերադառնալու տարբերակը: Տեսնենք, թե ինչպես կզգամ ինձ»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:

Հիշեցնենք, որ Լուի վան Գալի նախորդ ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նա գլխավորեց 2014-2016-ը: Մարզչական կարիերայի ընթացքում հոլանդացին գլխավորել է նաեւ հոլանդական «ԱԶ Ալկմրան» ու «Այաքսը», «Բարսելոնան», Հոլանդիայի ազգային հավաքականը եւ Մյունխենի «Բավարիան»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում