21:51  ,  15 հունվարի, 2017

Իբրահիմովիչի գոլը փրկեց «Մանչեսթեր Յունայթեդին» պարտությունից

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: Սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Ջեյմս Միլները դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին պարտությունից փրկեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերջնամասում աչքի ընկավ գլխով կատարած հարվածով: «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Լիվերպուլը» 45 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմը»: «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 6-րդն է: Առաջատար «Չելսին» ունի 52 միավոր:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:1

Զլատան Իբրահիմովիչ, 84 - Ջեյմս Միլներ, 27, 11մ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով