10:20  ,  15 հունվարի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Յուրգեն Կլոպը շատ լավ մարդ է

«Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Մինչեւ «Բորուսիա» տեղափոխվելս մի քանի անգամ հեռախոսով զրուցել եմ «Լիվերպուլի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ: Նա համոզում էր ինձ տեղափոխվել «Լիվերպուլ» եւ խաղալ Սուարեսի ու Ջերարդի հետ: Բայց ես հասկանում էի Անգլիայի եւ Ուկրաինայի ֆուտբոլի հսկայական տարբերությունը: Դրանից երկու շաբաթ անց ես հանդիպեցի Կլոպի հետ եւ որոշում ընդունեցի տեղափոխվել «Բորուսիա»: Գիտեի, որ նա երիտասարդ խաղացողների հետ աշխատանքի լավ համբավ ունի: Վստահ եմ՝ այն ժամանակ ես ճիշտ որոշում կայացրի: Կլոպը շատ լավ մարդ է: Նա միշտ աջակցում է խնդիրներ ունեցող ֆուտբոլիստներին:

Նա շատ օգնեց ինձ, քանի որ չափազանց շատ էի մտածում ֆուտբոլի մասին: Ամեն պարտությունից հետո միտքս միայն չիրացրած հնարավորություններն էին: Կլոպն ասում էր, որ սա ուղղակի կյանք է եւ դեռ շատ հնարավորություններ կլինեն: Բայց այդ շանսն ունենալու համար անհրաժեշտ է լավ տրամադրություն: Այն ժամանակ ես հասկացա, որ բոլորն են սխալվում, եւ պետք չէ շատ երկար վերապրել այդ ամենը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Հունվարի 15-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում