22:10  ,  11 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արթուր Դավթյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին
Ամուսնացած չէ
 
Ֆինլանդիայում անցկացված օլիմպիական փառատոնի մրցաշարում (2009) բազմամարտում զբաղեցրել է 6-րդ տեղը, հենացատկերում 7-րդ տեղ, զուգափայտերի մրցումներում 6-րդ տեղ, օղակների վարժությունում 9-րդ տեղ:

Աշխարհի գավաթի խաղարկությունում, հենացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է հենացատկում (2010),  նույն առաջնությունում նժույգի վրա վարժությունում՝ բրոնզե մեդալակիր:

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2012թ. հունվարին Տոկիոյում կայացած վարկանիշային մրցաշարում:

Անձնական մարզիչն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն Հակոբ Սերոբյանը:

Հակոբ Սերոբյանը որպես մրցավար սպասարկելու է Լոնդոնի օլիմպիական մրցաշարը:

Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին մասնակցելու է հուլիսի 28-ին։

Կախված առանձին գործիքների վրա ցույց տված արդյունքներից՝ հետագայում էլ կարող է մասնակցել առանձին գործիքների վրա մրցաշարին:

Արթուր Դավթյանի հետ հիմնական հույսերը կապված են հենացատկի մրցումներում, որտեղ հայ մարմնամարզիկը շատ բարդ ցատկեր ունի իր զինանոցում:

Օլիմպիական խաղերից առաջ Արթուր Դավթյանը Հակոբ Սերոբյանի հետ հավաք է անցկացրել Վրաստանում: Մնացած ժամանակահատվածում մարզիկը նախապատրաստվել ու նախապատրաստվելու է Երեւանում:

Արթուր Դավթյան

«Մեծ պատիվ է մասնակցել Օլիմպիական խաղերին եւ ներկայացնել Հայաստանը: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի մրցաշարը եւ ինչ արդյունքների կարող եմ հավակնել: Բայց մի բան հաստատ է, որ իմ ուժերի առավելագույն հնարավորությունները կներդնեմ օլիմպիական մեդալ նվաճելու համար: Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի հնարավորություններ կունենամ Լոնդոնում»:

Հակոբ Սերոբյան

«Արթուրը շատ երիտասարդ է, բայց նաեւ մեծ հեռանկարներ ունի: Արդեն հասել է տպավորիչ հաջողությունների, եւ հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում մենք շարունակություն կունենանք մեդալներ նվաճելու գործում: Պարզապես հարկավոր է շատ լավ կենտրոնանալ ու անել այն, ինչին որ պատրաստ է մարզիկը: Օլիմպիական մրցումներում հնարավոր են նաեւ անակնկալներ, եւ տա Աստված, որ այդ անակնկալներից մեկն էլ լինի Արթուր Դավթյանի օլիմպիական մեդալը: Մենք բարձր արդյունքի հասնելու համար կանենք ամեն ինչ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով