19:26  ,  15 դեկտեմբերի, 2016

Հայաստանի լավագույն մարզիկի կոչման թեկնածուները

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 15-ից սկսում է 2016 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների քվեարկությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

«Մարզական լրագրողների ֆեդերացիայի անդամներով քննարկեցինք Հայաստանի լավագույն մարզիկների ցանկը, որի մեջ ընդգրկեցինք 19 մարզիկների, որոքն այս տարի մեծ նվաճումներ են ունեցել եւ մեդալներ նվաճել: Ըստ կանոնակարգի ցանկում ընդգրկվել են 2016 թվականի օլիմպիական մեդալակիրները, աշխարհի առաջնությունների մեդալակիրները, Եվրոպայի առաջնությունների մեդալակիրները: Ցավով պետք է նշեմ, որ այս տարի թեկնածուների ցուցակում չկա օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, քանի որ տարվա ընթացքում նա ոչինչ չի արել:

Թեկնածուների շարքում չկան Հայաստանից դուրս բարձր արդյունքներով փայլող հայ մարզիկների անունները, ինչպես օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանի, Արթուր Աբրահամի, կամ օրինակ՝ Յանա Եգորյանի, ով եւս ազգությամբ հայ է, բայց ներկայացնում է Ռուսաստանը: Ըստ  ՀՄԼՖ-ի 2013 թվականի կանոնադրության, լավագույն տասնյակում կարող են ընդգրկվել միայն Հայաստանի դրոշի տակ հանդես եկող եւ հայկական սպորտի պատիվը բարձր պահող մարզիկները:

Քվեարկությունը լինելու է, ինչպես միշտ, հարցաթերթիկով, մարզական լրագրողների անձնական ստորագրություններով եւ ձեռագրով, որպեսզի զերծ մնանք կեղծիքներից եւ ընտրությունը լինի արդար: Քվեարկությանը կարող են մասնակցել 7 տարի աշխատանքային փորձ ունեցող եւ իսկապես գործող մարզական լրագրողները: Այս տարի շատ խիստ ենք լինելու քվեարկող լրագրողների նկատմամբ: Ովքեր զբաղված են copy-past-ով, իրավունք չեն ունենա քվեարկել: Նախապատվությունը կտրվի ոլորտում ակտիվ, ստեղծագործող եւ ամբողջ հայկական սպորտը լուսաբանող լրագրողներին: Այն լրագրողները, ովքեր միայն ֆուտբոլ կամ ըմբշամարտ, կամ բռնցքամարտ են լուսաբանում, կրկին չեն մասնակցի քվեարկությանը: Իսկ եթե լրագրողը ցանկություն հայտնի եւ գա հարցաթերթիկը լրացնի, նրանից կպահանջվի վերջին երկու-երեք ամիսների ընթացքում նրա գրած հարցազրույցներն ու պատրաստած հեղինակային նյութերը»,- ասաց Յուրա Ալեքսանյանը:

2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկի թեկնածուներն են.

Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Ռոման Ամոյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Տիգրան Մարտիրոսյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ)

Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Վահագն Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Արթուր Ավետիսյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Արման Երեմյան. 2016-ի Եվրոպայի փոխչմեպիոն (թաեքվոնդո)

Կարապետ Չալյան. 2016-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Վաչիկ Վարդանյան. 2016-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր (սամբո)

Տիգրան Կիրակոսյան. 2016-ի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի արծաթե մեդալակիր (սամբո)

Հովհաննես Դավթյան. 2016-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (ձյուդո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում