17:42  ,  15 դեկտեմբերի, 2016

Ոչ ոք չի ցանկանում դառնալ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան փնտրում է նախագահ: Շուրջ մեկ տարի կազմակերպության նախագահի պաշտոնը թափուր է, բոլոր հարցերով զբաղվում է գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաշիկ Ալավերդյանը:

«Ես միայնակ եմ աշխատում, բոլոր հարցերով զբաղվում եմ՝ համ հավաքների եմ գնում, համ՝ մեդալներ եմ բերում, ֆեդերացիայի նախահաշիվները կազմում, մրցումների տոմսերի հարցը լուծում, հյուրանոցները ամրագրում: Ըմբշամարտի ֆեդերացիան ունի 27 աշխատակից՝ տեղակալներ, հավաքարարներ, պահակներ: Ես լրիվ մենակ եմ:

2016 թվականի հունվարից մենք նախագահ չունենք: Օլիմպիական խաղերի համար ՀԱՕԿ-ն ամեն ինչով մեզ ապահովեց, աջակցեց, բայց հիմա մենք պետք է մեր հարցերը լուծենք: Ոչ ոք չկա, ոչ ոք չի առաջարկում իր թեկնածությունը: Ամեն վայրկյան սպասում եմ, որ մեկը կառաջարկի լինել մեր ֆեդերացիայի նախագահը: Ոչ մի պայման պետք չի ֆեդերացիայի նախագահ լինելու համար, զուտ ֆինանսով կարողանա օգտակար լինել մեզ, մարզիկներին գոնե կարողանանք աշխատավարձեր տալ, որ մարզադահլիճ գալու համար տրանսպորտի գումար ունենան, ծնողներից չուզեն:

Ֆեդերացիան նույնիսկ աշխատանքային սենյակ չունի: Որտեղ լինում եմ, այնտեղ գալիս են մարզիկներն ու մարզիչները, ինձ հետ կապված հարցերը քննարկում ենք գնում են: Հույս ունեմ, որ նորակառույց Օլիմպավանում ծանրամարտի համար սենյակ կհատկացնեն»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում