17:48  ,  14 դեկտեմբերի, 2016

Սպորտի նախարար. Ռոբերտ Էմմիյանի նախագծում կան որոշ անճշտություններ

«Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Էմմիյանի՝ Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան վազքուղի կառուցելու նախագծի ձգձգվելու պատճառը:

Հիշեցնենք, որ  դեռ 2015 թվականին հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիս ամսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Բայց նախագիծը դեռ պայմանավորվածության փուլում է, Ռոբերտ Էմմիյանն էլ՝ «սպասողական»:

«Ռոբերտ Էմմիյանի՝ վազքուղի կառուցելու ծրագիրը դեռ թերի է: Նախագծում կան որոշ անճշտություններ: Աթլետիկայի միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիան պատրաստակամ է մեզ աջակցել ֆինանսավորման որոշ հատվածով, բայց մենք ունենք ստադիոնի հետ կապված խնդիր: Ըստ Ռոբերտ Էմմիյանի ծրագրի՝ ռետինե վազքուղին պետք է կառուցվեր «Հրազդան» ստադիոնում, բայց այնտեղ չի կարող լինել, քանի որ ստադիոնը սնանկ է ճանաչվել: Իսկ սնանկ ճանաչված կազմակերպության վրա ներդրում չես կարող անել, հնարավոր չէ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում