21:05  ,  10 դեկտեմբերի, 2016

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց Իսրայելում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում:

Մ-20 մրցաշարի գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտի 400 կգ (180+220) արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Պոկում վարժությունում Սիմոնն առաջինն էր, իսկ հրումում՝ երկրորդը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Սիմոն Մարտիրոսյանը հանդես էր եկել 105 կգ քաշային կարգում եւ երկամարտում գրանցել էր 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ: 

Հայաստանի թիմն Իսրայելում ելույթն ավարտեց 4 մեդալով: Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել նաեւ 77 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (Մ-20), 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (Մ-20) գրավել էր երկրորդ տեղը, իսկ 94 կգ քաշային Սամվել Գասպարյանը (Մ-20) նվաճել էր բրոնզե մեդալ: 85 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն (Մ-20) էլ 190 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ էր նվաճել հրում վարժությունում, սակայն մրցանակային տեղ չէր գրավել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում