21:47  ,  9 դեկտեմբերի, 2016

Միշա Ալոյան. Ռուսաստանի հավաքականի բժշկի մեղքով զրկվեցի մեդալից

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միշա Ալոյանը դրական դոպինգ թեստի պատճառով մեդալից զրկվելու համար մեղադրել է Ռուսաստանի հավաքականի բժիշկին, որը հակադոպինգային ծառայության տեղեկանք չի ներկայացրել բուժման նպատակով օգտագործած քթի կաթիլների մասին:

«Հարցի իմաստը հավաքականի բժշկի սխալն է: Ես նրան ասել եմ, որ թերապեւտիկ բացառություն ձեւակերպի եւ արձանագրի դեղամիջոցը: Այդ թուղթը ես պետք է չանեմ կամ մարզիչը: Ես Ռուսաստանի հավաքականի բժիշկ Կլյագինին խնդրեցի արձանագրել, իսկ նա չի արել: Դրա հետեւանքով էլ այս մեծ հիմնախնդիրն է:

Սպասելի որոշում էր: Ամերիկացի եւ այլ արեւմտյան երկրների մարզիկները կենտրոնացման պակաս ունեն եւ հորմոններ են խմում, ոսկե մեդալներ են նվաճում, իսկ ռուսաստանցիների համար քթի սպրեյն էլ դոպինգ է: Անպայման կբողոքարկենք այս որոշումը»,- Միշա Ալոյանի խոսքը մեջբերում է bfm.ru-ն:

Հիշեցնենք, որ Միշա Ալոյանի դոպինգ թեստը դրական արդյունքն էր տվել, հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց՝ տուամինոգեպտան, որը լինում է մրսածության դեմ քթի կաթիլներում: Տվյալները հրապարակել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրած ռուսական Fancy Bears հաքերական խումբը:

Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը հաստատել էր, որ մարզումային փուլում մարզիկն օգտագործել է կաթիլներ, որի մեջ կա տուամինոգեպտան: Սակայն բուժման նպատակով որեւէ դեղամիջոց օգտագործելուց առաջ օլիմպիականը պարտավոր է ստանալ թույլտվություն հակադոպինգային մարմիններից, ինչը Ալոյանի դեպքում չի արվել: Ալոյանը Fancy Bears-ի միակ զոհն է, քանի որ մյուս 126 մարզիկների դեպքում բժշկական թույլտվությունն առկա է:

Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 8-ին որոշում ընդունեց Ալոյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից զրկելու մասին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում