18:01  ,  9 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում ստացել է մասնակիցների ձայների 29 տոկոսը եւ զբաղեցրել է երկրորդ տեղը։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թուրքական «Ֆեներբահչեի» եւ Սենեգալի հավաքականի հարձակվող Մուսա Սոուն, որը հավաքել է ձայների 58 տոկոսը։ Սոուն գեղեցիկ հետադարձ հարվածով գրավել էր «Ֆեյենորդի» դարպասը։ Նրա գոլը հաղթական էր՝ 1։0։

Հիշեցնենք, որ ուկրաինական «Զարյայի» դեմ արտագնա խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես եկավ 85 րոպե եւ դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Մխիթարյանը Եվրոպայի լիգայի վարկածով ընդգրկվել է նաեւ խմբային փուլի վերջին տուրի խորհրդանշական հավաքականում.

Դարպասապահ. Վատերման (ԱՊՕԵԼ):

Պաշտպաններ. Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերգեյ Կրիվցով («Շախտյոր»), Նուման Չյուրուկսու («Օսմանլիսպոր»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Թայսոն («Շախտյոր»), Բեն Ռիենստրա («ԱԶ Ալկմար»), Ալեքսանդր Սյոդերլունդ («Սենտ Էթյեն»):

Հարձակվողներ. Էդեր («Ինտեր»), Մուսա Սոու («Ֆեներբահչե»), Միխալ Դյուրիշ («Վիկտորիա Պլզեն»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով