21:55  ,  4 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը Մխիթարյանին փոխարինելուց հետո

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «էվերտոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: 42-րդ րոպեին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն օգտվեց «Էվերտոնի» հոլանդացի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի սխալից եւ գրավեց դատարկ դարպասը: Ստեկելենբուրգը դուրս էր եկել տուգանային հրապարակից եւ չհասցրեց վերադառնալ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր: 85-րդ րոպեին նրան փոխարինեց Մարուան Ֆելաինին, որը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Լեյթոն Բեյնսը: «Էվերտոնի» նախկին խաղացող Ֆելաինին 100-րդ հանդիպումն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 21 միավորով բարձրացավ 6-րդ տեղ եւ 6 միավոր է զիջում 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

Լեյթոն Բեյնս, 89 - Զլատան Իբրահիմովիչ, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում