10:33  ,  25 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Շատ բարդ էր թիմի խաղին հետեւել կողքից

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ վերադառնալուց եւ հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շատ հաճելի էր նորից խաղալ, հատկապես՝ մեկնարկային կազմում:  Այսօր խաղադաշտում ներդրեցի բոլոր ուժերս եւ կարծում եմ, որ մենք հասանք հիանալի արդյունքի: Շատ բարդ էր թիմի խաղին կողքից հետեւելը, սակայն պետք է ունենալ համբերություն, մարզվել ջանասիրաբար եւ սպասել քո շանսին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հարցին, թե «Ֆեյենորդի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը կարող է նոր սկիզբ լինել նրա համար, Հենրիխը պատասխանել է. «Հուսով եմ: Տեսնենք»:

Հիշեցնենք, որ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե՝ թողնելով հիանալի տպավորություն: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ փոխարինվելով ընդմիջմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով