00:12  ,  25 նոյեմբերի, 2016

Եվգենի Պլյուշչենկոն՝ անցած փառահեղ ուղու, որդու եւ կնոջ մասին. Օլիմպիական չեմպիոնի բացառիկ հարցազրույցը NEWS.am-ին

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 27-ին կներկայացվի KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE&raquo շոու-ծրագիրը: FORPOSTART Production&raquo-ի ամենասպասված այս իրադարձությունը համախմբել է լավագույններից լավագույններին` պարարվեստի մասնագետներին, ռեժիսորներին, սցենարիստներին, ձեւավորողներին, գեղանկարիչներին ու համաշխարհային գեղասահքի աստղերին`Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է կրկնակի օլիմպիական չեմպիոնի հետ:

Եվգենի, մարզական ծրագիրը տարբերվում է շոու ծրագրից: Ո՞ր ձեւաչափում եք Ձեզ ավելի հարմար զգում:

Ամեն ձեւաչափում ես ինձ հարմար եմ զգում: Ես սիրել եմ սպորտը, ինձ դուր է գալիս սպորտային ադրենալինի զգացողությունը, սիրում եմ հանդես գալ մրցավարների առջեւ, ինչպես նաեւ ելույթ ունենալ շոուներում: Այստեղ քեզ գնահատական չեն նշանակում, դու պատվանդանից դուրս չես թռչի, երկրորդ կամ երրորդ տեղը չես զբաղեցնի: Այս դեպքում ավելի շատ քեզ եւ հանդիսատեսի համար ես սահում, բայց միեւնույն է, փորձում ես ինչ-որ բարդ տարրեր ներկայացնել, պահել սանդղակը, ամեն օր մարզվել:  

Ի՞նչ եք զգում Ձեր բոլոր հաղթանակներից, տիտղոսներից ու մեդալներից հետո:

Չեմ մտածում, շարունակում եմ մարզվել: Ես դեռ երիտասարդ եմ մտորելու համար, թոշակի գնալուց հետո կմտածեմ: Իսկ եթե շատ մտածես մեդալներիդ, տիտղոսներիդ մասին, կդադարես աճել: Պետք չէ համարել, թե մեծ մարզիկ ես: Այո, ես վատ մարզիկ չեմ, հասել եմ ոչ այնքան վատ արդյունքների: Երբեք ինքս ինձ չեմ գովել: Գիտեմ, որ մոլորակի եզակի ողջ մարզիկներից եմ, ով 4 օլիմպիական մեդալ ունի, բայց պետք է ավելի շատ աշխատել:

Ձեզ համեմատել են լեգենդար փյունիկ թռչունի հետ: Նա զարմանահրաշ հատկություն ունի` վերածնվում է ինքնահրկիզվելով: Համաձա՞յն եք այս պնդման հետ:

Ես անցել եմ շատ լավ դպրոց, շատ երկար գործունեություն եմ ծավալում սպորտում: Ունեցել եմ նաեւ մեծ դժվարություններ` կապված վիրահատությունների հետ  (ունեցել եմ մոտ 15 եւ 6 շատ բարդ վիրահատություն), բայց վերադարձել եմ սպորտ եւ սպորտային զայրույթով արել եմ այն, ինչ շատերը չեն արել: Ես ամբողջությամբ տրվում եմ աշխատանքին. դա նորմալ է, երբ ուզում ես հասնել արդյունքի: Օլիմպիադայից 9 ամիս առաջ ես շատ լուրջ վիրահատություն անցա: Միգուցե եւ կարելի է ինձ համեմատել փյունիկի հետ:

Որդիս ցանկանում է գեղասահորդ դառնալ, սակայն  հայրիկը դեմ է.ընտանիքում էլ գեղասահորդ պետք չէ: Շատ է սիրում ֆուտբոլ, նոր հետաքրքրություն ունի` չմուշկները, գնում է գեղասահքի այնտեղ, որտեղ ես իմ ուսանողների հետ եմ սահում: Դեկտեմբերի 23-30-ը Մոսկվայում ցուցադրվելու է «Շչելկունչիկը».ներկայացման մեջ նրանք էլ կմասնակցեն: Մեր ողջ կոլեկտիվը փորձում է նրան ինչ-որ բան հուշել, օգնել սահել, դրա համար նրան այդ ամենը դուր է գալիս:

Դուք եւ Ձեր կինը` Յանա Ռուդկովսկայան, ուժեղ բնավորությամբ, նպատակասլաց մարդիկ եք: Ինչպե՞ս են նման երկու հզոր անհատականությունները գոյակցում, չէ՞ որ դուք միասին եք տանը, աշխատավայրում: Շա՞տ տարաձայնություններ ունեք, թե՞ ընդհակառակը` օգնում եք իրար:

Ամենակարեւորն իրար չխանգարելն է: Յանան զգում է ինձ, եթե ես հոգնած եմ, ինձ դադար է պետք, ինձ ավելի լավ է չմոտենալ եւ չխանգարել, ես մի կողմ եմ քաշվում, մենք սկսում ենք խոսել, զրուցել: Նույնը ես նրա հանդեպ եմ անում: Նա շատ է աշխատում, բազում բիզնեսներ, գաղափարներ, նախագծեր ունի, բայց մենք հազվադեպ ենք տարակարծիք լինում: Ահա թե ինչու խնդիրներ չունենք: Մենք, երեւի թե, այնքան զբաղված ենք, որ վիճելու ժամանակ չունենք:

Եվգենի, հայտնի եւ տաղանդավոր մարդկանց հաճախ են նախանձում:  Մյուս կողմից, կան շատ մարդիկ, ովքեր պաշտում են Ձեզ: Ձեր դեպքում ավելի շատ են այն մարդիկ, ովքեր սիրում են Ձեզ: Ինչպե՞ս եք անում դա:

Ես ուղղակի ընկերություն անել գիտեմ: Կարծում եմ, որ թշնամիներ, ոսոխներ ունի ցանկացած մարդ: Ես էլ ունեմ եւ գիտեմ նրանց մասին: Ես գնահատում եմ ընկերությունը, հասկանում եմ դրա արժեքը: Ես պարզապես պաշտում եմ նաեւ նրանց, ովքեր սիրում են ինձ իմ արվեստի համար:

Պարույր Սինյավսկի

Հարցազրույցի իրականացմանը աջակցել են Ռոզա Գրիգորյանն ու Աննա Գրիգորյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով