15:12  ,  1 նոյեմբերի, 2016

Հրաձգության ֆեդերացիայի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատվել է անբավարար

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ավարտվել են 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցած ֆեդերացիաների հաշվետվությունների լսումները: 

Հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սերյան Նիկողոսյանը: Նա խոսել է Ռիո-2016-ում Հայաստանի միակ հրաձիգի՝ Հրաչ Բաբայանի Օլիմպիական խաղերում ոչ հաջող մասնակցության պատճառների մասին:

«Օլիմպիական խաղերը ամենապատասխանատու ստուգատեսն է մարզիկի համար: Մարզագույքի (մարզական զենք) տեղափոխման խնդիրների պատճառով Հրաչը որոշ ժամանակ չկարողացավ մարզվել։ Այս հանգամանքը խանգարեց նրան։ Սակայն հիմնական պատճառը փորձառության պակասն է: Մեր մարզիկը դեռ շատ երիտասարդ է, գտնվում է լավ մարզավիճակում, եւ ես հուսով եմ, որ նա ավելի հաջող հանդես կգա հաջորդ Օլիմպիական խաղերում»,- ասել է Ս. Նիկողոսյանը: 

Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը հրաձգության ֆեդերացիայի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատել է անբավարար, հաղորդում է msy-ը:

Հրաչ Բաբայանը Խաղերի ուղեգիր ստացել էր սպիտակ քարտով: Օդամուղ հրացանի 10 մետրից հայ հրաձիգը 50 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը՝ 621.5 (103.7, 102.1, 104.0, 105.5, 104.3, 101.9): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում