18:54  ,  31 հոկտեմբերի, 2016

Դավթաշենի Օլիմպավանն ամբողջությամբ կգործարկվի երկու ամսից

Դավթաշենում կառուցված Օլիմպավանը երկու ամսից կգործարկվի եւ օլիմպիական մեդալակիրներն ու մարզիկները կմարզվեն այնտեղ։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Երեւանում Multi Wellness Center-ի բացման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը նշեցին, որ նորակառույց մարզահամալիրն իրենց շատ է դուրս գալիս։

«Մարզումներն արդեն սկսել ենք։ Նույն ոգով մարզվում ենք, աշխատում ենք։ Նորակառույց համալիրը շատ լավն է։ Շատ հաճելի կլինի այստեղ մարզվել։ Մարզումներ այստեղ էլ կիրականացնենք»,- ասաց օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։

NEWS.am Sport-ի թղթակիցը ՀԱՕԿ նախագահից հետաքրքրվեց, թե պրոֆեսիոնալ մարզիկներն ու օլիմպիական մեդալակիրներն հնարավորություն կունենա՞ն անվճար մարզվել եւ օգտվել համալիրի ծառայություններից։

«Օլիմպիական մեդալակիրների եւ մեր մարզիկների համար ստեղծել եմ այնպիսի մի մարզահամալիր՝ Օլիմպավան, որի նմանն աշխարհում չկա։ Դավիթաշենում կառուցված Օլիմպավանում նույն բարձրակարգ մարզական սարքավորումներն են, մարզագույքը, հյուրանոցով, ռեստորանով, սրճարանով, լողավազանով եւ այլնով։ Ամբողջ աշխարհի օլիմպիական կոմիտեները հիացած են մեր Օլիմպավանով։ Նրանք զարմացած են, որ անհատը իր երկրի մարզիկների համար, իր անձնական գումարներով կարող է այդպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մարզիկները մարզվեն։ Այժմ Օլիմպավանը դեռեւս չի գործում, խնդիրը լողավազանի վերջնական կառուցումն է։ Շուտով այդ աշխատանքներն էլ կավարտվեն եւ մոտ 2 ամսից Օլիմպավանը շահագործման կհանձնվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում