22:10  ,  19 հոկտեմբերի, 2016

Հայաստանի առաջին մասնակցությունը հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությանը. Գլխավոր մարզիչի ակնկալիքները

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ մասնակից կունենա հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությունում։ Հույս ունենք, որ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը կհայտնվի լավագույն տասնյակում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը։

Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն Ան Իվելին քաղաքի հեծանվահրապարակում հոկտեմբերի 19-ին մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են 35 երկրների 280 հեծանվորդներ։ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանը կներկայացնի Մհեր Մկրտչյանը:

Պարոն Գյոզալյան, Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։ Ո՞ր մրցաոճերում հանդես կգա Մհեր Մկրտչյանը եւ ի՞նչ սպասելիքներ կան։

Այսօր մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։ Մինչեւ այս մենք միայն հնարավորություն եւ ներուժ ենք ունեցել մասնակցել երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների մրցաշարերին։ Այժմ արդեն ժամանակն է, որ մեր ուժերը փորձենք մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։

Եվրոպայի մեծահասակների առաջնությանը կմասնակցենք մեկ մարզիկով՝ 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2016 թվականի բացարձակ չեմպիոն 23-ամյա Մհեր Մկրտչյանը: Առաջին մեկնարկը լինելու է այսօր երեկոյան սկրետչ մրցաձեւում: Հոկտեմբերի 22-ին նա դուրս կգա մեկնարկի՝ խմբակային վազք միավորներով։

Իսկ ինչո՞ւ միայն Մհեր Մկրտչյանին տրվեց Եվրոպայի առաջնությունում ուժերը փորձելու հնարավորություն։

Ցավոք, այս պահին միայն Մհեր Մկրտչյանը կարող էր մասնակցել Եվրոպայի առաջնությանը, քանի որ մեր մյուս առաջատարը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էդգար Ստեփանյանը, առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի առաջնությունը։ Եթե առողջական խնդիրները չլինեին, միանշանակ կմասնակցեր նաեւ Էդգար Ստեփանյանը, բայց մարզչական շտաբով եւ ֆեդերացիայով որոշեցինք, որ այս պահին մեզ համար ավելի կարեւոր է Էդգարի լիարժեք ապաքինումը, քանի որ թե՛ ֆեդերացիան եւ թե՛ անձամբ ես  Էդգարի Ստեփանյանի հետ կապված մեծ նպատակներ ու հույսեր ունենք նաեւ Տոկիո-2020-ում:

Մենք արդեն պատրաստվում ենք Տոկիո-2020-ին, քանի որ 2017 թվականի Եվրոպայի մեծահասակների եւ աշխարհի Գավաթներից է կախված օլիմպիական ուղեգիր վաստակելու համար վարկանիշներ ձեռք բերելը։ Բացի Մհեր Մկրտչյանից եւ Էդգար Ստեփանյանից, այս պահին պատրաստի մարզիկներ չունենք, որպեսզի մեծ կազմով ներկայանանք Եվրոպայի առաջնությանը։

Ինչպիսի՞ մրցակից կարող է լինել Հայաստանը Եվրոպայի առաջնության առաջին մասնակցությունում։

Մհեր Մկրտչյանը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել է Ֆրանսիայում, որտեղ մի քանի ամիս ուսումնամարզական հավաք է անցել «Շավիզու Շավանյու» ակումբում։ Նորմալ մարզավիճակում է։ Վերջերս հենց Ֆրասնիայում մասնակցեց միջազգային մրցաշարի եւ նորմալ միավորներ էր վաստակել։ Մհեր Մկրտչյան մարզիկին ճանաչելով՝ նա չի մասնակցի այսօրինակ կարեւոր մրցմանը զուտ մասնակցության համար։ Նա պայքարելու է գոնե լավագույն տասնյակում հայտնվելու համար։ Պարզ է, որ մասնակցում են Եվրոպայի ուժեղագույն հեծանվորդները, կատակ բան չէ։ Բայց Մհերը, վստահ եմ, որ ամեն ինչ կանի՝ լավ մասնակցություն ապահովելու համար։ Նշեմ, որ 2011 թվականին Մհերը հենց այս երկու՝ սկրետչ եւ խմաբակային վազք մրցաձեւերում է դարձել երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն։ Երկու ձեւում էլ վստահ է։ Նա ավելի շատ ունիվերսալ հեծանվորդ է։ Եվ բարձր արդյունքի ակնկալիք ունենք։ 

Պարոն Գյոզալյան, ինչու միայն տարիներ անց հայկական հեծանվասպորտին հաջողվեց պայքարի մեջ մտնել նաեւ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։

Մենք 23-ից բարձր տարիքային խմբում պատրաստի եւ պրոֆեսիոնալ մարզիկներ չենք ունեցել։ Մենք քայլ առ քայլ ենք փորձում բարձրանալ։ Բացի այդ, բանակի խնդիր ենք ունեցել երկար տարիներ, քանի որ մեր մարզիկները հնարավորություն չեն ունեցել ծառայել մարզական վաշտում։ Այժմ մեր կառավարությունը եւ պաշտպանության նախարարությունը հնարավորություններ ու պայմաններ ստեղծեցին, որ մարզիկներին բանակից հետո չկորցնենք։ Այսօր արդեն հեծանվորդները զինծառայությունից հետո չեն հեռանում սպորտից, հնարավորություն են ունենում ծառայության ընթացքում մարզումային փուլը շարունակել եւ մրցաշարերին մասնակցել։ Եթե ժամանակին սպորտային վաշտում ծառայելու խնդիր չունենայինք, ոչ պակաս Մհերներ եւ Էդգարներ կունենայինք։ Ունեցել ենք Սուրեն Պետրոսյան, Էդգար Գեւորգյան, Արսեն Ղազարյան եւ այլք։ Նրանք էլ պակաս մարզիկներ չեն եղել եւ կարող էին մեծ ապագա ունենալ հեծանվասպորտում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում