08:51  ,  7 մարտի, 2012

Ձեռքսեղմում արգելված է

Մեծ Բրիտանիայի օլիմպիական թիմի անդամներին հանձնարարված է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ խուսափել ձեռքսեղմումից: Որոշման հիմքում բժիշկների մտահոգությունն է, թե բրիտանացիների համար ողջույնի ավանդական ձեւի պատճառով օլիմպիականները կենթարկվեն վարակիչ հիվանդությունների վտանգի:

Այդ մասին հայտնել է Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի գլխավոր բժիշկ Յան Մաքքեդին: Նրա կարծիքով անձնական հիգիենան կարող է որոշիչ գործոն լինել մարզական հաջողությունների համար: Օլիմպիական խաղերում, նույնիսկ, նվազագույն ռիսկը կարող է խանգարել առավելագույն արդյունքի հասնելուն: Մարզական բժիշկների եւ կազմակերպիչների գործն է բացառել այդ ռիսկերը: Ձեռքսեղմումի միջոցով վարակիչ հիվանդությունների փոխանցման բացառումն էլ միջոցառումների համակարգի մի մասն է, ասել է Մաքքեդին:

Գլխավոր բժշկի հայտարարությունը մտահոգել է Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է համատեղել բժիշկների խորհուրդն ու հյուրընկալության եւ քաղաքավարության տարրական նորմերը, հաղորդում է ruvr.ru-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում