18:57  +04,  28 սեպտեմբերի, 2016

Գրիգոր Միքայելյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայ կարատեիստները ձեռք բերեն Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգրեր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան սպասում է Հայաստանի սպորտի նախարարության աջակցությանը, որպեսզի ֆեդերացիայի բյուջեի 2 միլիոն դրամը ավելացվի՝ մարզաձեւի առաջին Օլիմպիական խաղերին՝ Տոկիո-2020-ին, պատշաճ նախապատրաստվելու համար։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը։

Տոկիո-2020-ից կարատեն այլեւս օլիմպիական ձեւ է։ Կարատեի ո՞ր մրցաձեւերն են լինելու օլիմպիական։

Օլիմպիական դարձել են կարատեի այն 4 ձեւերը (շոտոկան, շիտորյու, գոջուրյու, վադորյու), որոնք ներկայացրել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիան: Բայց դա չի խանգարում, որ այլ ոճերի ներկայացուցիչներ կումիտե մրցաձեւում ընդգրկվեն իրենց ազգային ֆեդերացիայի կազմում եւ երկիրը ներկայացնեն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում։ Իսկ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար կարատեիստներն իրավունք ունենք միայն այս 4 ոճերում հանդես գալ։

Ի՞նչ կարգով եւ ինչպե՞ս է տեղի ունենալու մարզիկների ընտրությունը։ Ազգային հավաքական ունե՞նք եւ ի՞նչ վիճակում է այսօր այն գտնվում։

Մեր ֆեդերացիան ստեղծվել է 1988 թվականին եւ անդամ ենք մի քանի միջազգային ֆեդերացիաներին։ Հավաքական ունենք, ուղղակի դեռ շատ աշխատանք ունենք անելու՝ ավելի բարձր հաջողությունների հասնելու համար։

Օլիմպիական խաղերում մարզիկների ընտրությունը եւ ուղեգրեր նվաճելու գործընթացը դեռեւս վերջնական որոշված չէ։ Լինելու են վարկանիշային միջազգային մրցումներ, բացի աշխարհի պաշտոնական առաջնությունից։ Ստացվել է այնպես, որ մինչեւ 2020 թվականը մեծահասակների աշխարհի երկու առաջնություն պետք է լինի՝ 2018-ին եւ 2020-ին։ Այս երկու առաջնությունները քիչ են մեզ համար օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար, այդ պատճառով կարատեի աշխարհի ֆեդերացիայի կողմից կմշակվեն նաեւ վարկանիշային միջազգային մրցումներ, որոնք մենք դեռեւս չենք ստացել։ Երբ դա էլ պարզ լինի, մենք ամենայն լրջությամբ կմարզվենք, կպատրաստվենք: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ վարկանիշներն ունենանք, բավարարենք եւ հայ մարզիկները կարողանան ձեռք բերել Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգրեր։

Ի՞նչ ծրագիր է նախատեսել Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան Տոկիո-2020-ի համար։

Կցանկանայիք մարզումային եւ նախապատրաստական շրջանն անցկացնել ուսումնամարզական հավաքներով, բայց հավաքները մեզ համար եւս խնդիր են, ինչպես վարկանիշային մրցումների մասին տեղեկատվություն ունենալը։ Մենք վաղուց ենք լուրջ պատրաստվում, չէինք սպասում, որ օլիմպիական ձեւ դառնար նոր սկսեինք։ Մեր առաջնային խնդիրն է՝ բոլոր միջազգային մրցաշարերում առիթն օգտագործել եւ մեր երկրի եռագույնի պատիվը բարձր պահել։ Ունենք շատ լավ մարզիկներ, ուղղակի հարկավոր է լավ աշխատասիրություն։

Զարգացման ի՞նչ փուլում է այժմ կարատեն Հայաստանում: Մինչեւ Տոկիո-2020-ը որքա՞ն աշխատանք կա։

Ցավոք, Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի կազմակերպած աշխարհի ու Եվրոպայի պաշտոնական առաջնություններում մեր մարզիկները լուրջ հաջողություններ դեռ չունեն։ Հիմնական պատճառը միջազգային մրցաշարերին քիչ մասնակցությունն է։ Բայց միջազգային մրցաշարերի փորձի պակասն ունի իր օբյեկտիվ պատճառները՝ ֆինանսական միջոցների սղություն։ Մենք չենք կարողանում ոտք մեկնել հարեւան երկրների եւ այլ պետությունների հետ այս առումով։ Մնացած առումներով հայ մարզիկները ոչնչով չեն զիջում հարեւան երկրների մարզիկներին իրենց ոգով եւ մարզական կարգավիճակով։ Այժմ արդեն համապատասխան խոսակցություններ եւ բանակցություններ տարվել են Հայաստանի սպորտի նախարարության հետ։ Մեզ նախարարությունը խոստացել է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ֆինանսական խնդիրները լուծվեն։

Ֆինանսական խնդիրներ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Պետության կողմից ի՞նչ աջակցություն է ստանում Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։

1997 թվականից մենք ընդգրկված էինք կառավարության կողմից ազգային ֆեդերացիաների պետական աջակցության ծրագրում։ Այդ ժամանակից մեզ համար որպես պետական աջակցություն պետք է տրամադրվեր 20 միլիոն դրամ, բայց անհասկանալի պատճառներով այսօր մենք ստանում ենք 2 միլիոն դրամ։ Այս գումարը շատ քիչ է, որպեսզի կարողանանք լուրջ հաջողություններ գրանցել մարզաձեւում։ Կարծում եմ՝ կառավարության, պետության կողմից պետք է լինի լուրջ աջակցություն, որպեսզի ավանդական, ընդունված մարզաձեւերի կողքին կարատեն նույնպես կարողանա մեդալ բերել Օլիմպիական խաղերից։

Ինչո՞ւ եք 20-ից միայն 2 միլիոնը ստանում։

1997 թվականին մեր բյուջեն 20 միլիոն էր։ Տարիների ընթացքում աստիճանաբար կրճատվեց եւ դարձավ 2 միլիոն։ Արդեն մի քանի տարի է մենք ստանում ենք ընդամենը 2 միլիոն։ Բայց Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մեզ շատ գումարներ են անհրաժեշտ։

Առաջիկա 4 տարիները բավարա՞ր են դրական տեղաշարժերի եւ Օլիմպիական խաղերին ակնկալիքներով մեկնելու համար։  

Մեզ մոտ միշտ ամեն ինչ ստացվում է անկանխատեսելի։ Կարատեի հիմքում ինքդ քեզ հաղթելու գաղափարն է։ Դու պետք է կարողանաս ինքդ քեզ հաղթել, անել այն, ինչը սովորական մահկանացուի համար անհնար է։ Մենք այս գաղափարով էլ առաջնորդվում ենք եւ պետք է փորձենք ամեն ինչ, որպեսզի արդյունքները բարձր լինեն, ակնկալիքները եւս։ Այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստելու ենք եւ ասենք՝ սա քիչ է, նա քիչ է եւ այլն։ Ամեն ինչ անելու ենք եւ փորձելու ենք հասնել նրան, որ մեր ազգին ուրախացնենք։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: