22:26  ,  18 սեպտեմբերի, 2016

Սերժ Սարգսյան. Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրան Հարությունյանը դառնալու է չեմպիոն

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման եւ պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:

«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաեւ Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաեւ մրցավարները եւ բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաեւ մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարեւոր է, որ մեր ավանդական մարզաձեւերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձեւերից զատ, մենք տեսանք այլ մարզաձեւերում եւս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարեւոր է:

Մեդալներից բացի, մենք տեսանք նաեւ ցավալի դիպվածներ, իհարկե, նաեւ անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը եւ մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձեւը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է եւ համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի եւ աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել եւ ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ:

Ես չեմ ուզում մեկ առ մեկ թվարկել մեր օլիմպիականներին, որովհետեւ դահլիճում նստածները եւ, ընդհանրապես, մեր ժողովրդի մեծ մասը նրանց բոլորին անգիր գիտի:

Ուզում եմ մեկ անգամ եւս բոլորիդ շնորհակալություն հայտնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներին եւ մարզիչներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն նորմալ մարզվել, այլ նաեւ արժանապատիվ ապրել: Վստահ եմ, գնալով այս աջակցությունը ավելանալու է:

Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր մարզիկների ծնողներին, նրանց քույրերին եւ եղբայրներին, այն միջավայրին, որ ծնել ու դաստիարակել է հերոս: Իրոք, մեր մարզիկները հերոսներ են, եւ մենք այսպես պետք է առաջ շարժվենք: Առաջ շարժվենք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Շնորհակալ եմ: Ապրե՛ք»,-  Սերժ Սարգսյանի խոսքը փոխանցում է president.am-ը: 

Հանրապետության նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգեւները, շնորհավորել Խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը եւ դրոշը բարձր պահելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում