20:30  ,  17 սեպտեմբերի, 2016

Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ արծաթե մեդալակիր

Լեհաստանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին օրը Հայաստանը նվաճել է ոսկե եւ արծաթե մեդալներ:

Աղջիկների պայքարի մինչեւ 17 տարեկանների գերծանր քաշային կարգում (+69 կգ) Արփինե Դալալյանը երկամարտի 213 կգ (89+124) արդյունքով գրավել է առաջին տեղը: Պոկում վարժությունից հետո Արփինեն չորրորդն էր, սակայն հրում վարժության արդյունքում շրջանցել է մրցակիցներին: Նա երկամարտում մեկ կգ է գերազանցել երկրորդ տեղը գրաված ռուս Դարիա Ռիազանովային:

Տղաների մինչեւ 17 տարեկանների գերծանր քաշային կարգում (+94 կգ) Վարազդատ Լալայանը երկամարտի 335 կգ (155+188) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ: Նա մեկ կգ է զիջել չեմպիոնի տիտղոը նվաճած լեհ Յակուբ Վեգրզինին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանում Եվրոպայի պատանեկան չեմպիոն էին դարձել Կարեն Մարգարյանը (77 կգ, Մ-15) եւ Կարեն Ավագյանը (85 կգ, Մ-17), իսկ 94 կգ քաշային Յաշա Մինասյանը երկամարտի 246 կգ (112+134) արդյունքով երկրորդ տեղն էր գրավել մինչեւ 15 տարեկանների պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում