18:35  ,  11 սեպտեմբերի, 2016

Գրետա Վարդանյանը՝ Ռիոյից. Լոնդոնում 7-րդն էի, Ռիոյում՝ 5-րդը, աստիճանաբար մոտենում եմ մեդալին (ֆոտո)

Լոնդոն-2012-ի Պարալիմպիկ խաղերում 7-րդ տեղում էի, Ռիո-2016-ում՝ 5-րդ: Աստիճանաբար մոտենում եմ մեդալին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի 15-րդ ամառային Պարալիմպիկ խաղերում ծանրամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 55 կգ քաշայինների պայքարում 5-րդ տեղը զբաղեցրած 30-ամյա Գրետա Վարդանյանը:

Գրետա Վարդանյանը մասնակցել է ծանրամարտի (պաուերլիֆթինգ, հրում պառկած դիրքից) 55 կգ քաշայինների պայքարին 96 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է մեքսիկացի Ամալյա Պերեսը, որը սահմանել է աշխարհի եւ Խաղերի ռեկորդ՝ 130 կգ:

Նշենք, որ Ռիո-2016-ը Գրետա Վարդայանի երրորդ Պարալիմպիկ խաղերն են. հայ մարզուհին մասնակցել է նաեւ Պեկին-2008-ի եւ Լոնդոն-2012-ի Պարալիմպիկ խաղերին:

Գրետա, շնորհավորում եմ քեզ լավ արդյունք ցույց տալու կապակցությամբ: Ռիո-2016-ի Պարալիմպիկ խաղերում 5-րդն ես: Ինչպե՞ս կգնահատես քո մրցելույթն ու արդյունքը:

Շնորհակալ եմ: Գոհ եմ արդյունքիցս: Մրցելույթիցս էլ եմ գոհ, քանի որ տեխնիկան շատ ճիշտ էի անում:

Ի՞նչը խանգարեց մրցանակային տեղերի հավակնելուն:

Ես մինչեւ 105 կգ-ի էի պատրաստ բարձրացնել, բայց մեդալի համար դա քիչ էր: Փորձեցինք երեք մոտեցումներն էլ թեթեւ դնել, որ ոչ մի փորձ չկորցնեի:

Հուզմունք, լարվածություն կա՞ր:

Հուզմունք կար, բայց մրցավարի դրական տրամադրվածությունից ու դրական հաշվարկից ավելի էի ոգեւորվում ու կրկին մոտենում:

Ինքդ սպասո՞ւմ էիր 5-րդ արդյունք:

Ես ավելին էի սպասում, բայց այդպես ստացվեց:

Մինչեւ Խաղերը ի՞նչ մարզումային փուլ էիր անցել եւ ի՞նչ մարզավիճակում ես մեկնել Ռիո:

Խաղերի նախապատրաստական փուլից առաջ փոխել էի մարզադահլիճս: Այդ նոր դահլիճում մարզվել եմ 7 ամիս: Վերջին մրցումիցս 14 կգ ավելի արդյունք գրանցեցի այստեղ՝ Ռիոյում:

Գրետա, Ռիոն քո 3-րդ Խաղերն են: Դու մասնակցել ես նաեւ Պեկին-2008-ի եւ Լոնդոն-2012-ի Պարալիմպիկ խաղերին: Ինչո՞վ առանձնացավ քեզ համար 3-րդ Խաղերը:

Այո, ես արդեն երրորդ անգամ եմ դուրս գալիս Պարալիմպիկ խաղերի մրցահարթակ: Ամեն Խաղեր առանձնանում են քաշերի ավելացումով: Ես ամեն Խաղերին ավելացնում եմ կիլոգրամները:

Երբ իմացար՝ 5-րդ տեղում ես, ինչպե՞ս արձագանքեցիր, ի՞նչ ապրումներ ունեցար:

Ուրախ էի, հատկապես վերջին մոտեցումից հետո, որովհետեւ մասնակիցների միջից միայն իմ երեք մոտեցումները հաշվեցին: Լոնդոն-2012-ի Խաղերում 7-րդ տեղում էի, Ռիոյում՝ 5-րդ. աստիճանաբար մոտենում եմ մեդալին:

Այս Խաղերով կավարտե՞ս մարզական կարիերադ, թե՞ դեռ շարունակելու ցանկություն ունես:

Դեռ մտածում եմ: Ես նաեւ աշխատում եմ՝ ԱԻՆ 911 ահազանգման կենտրոնում: Պետք է կարողանամ համատեղել: Չնայած առանց սպորտի չեմ պատկերացնում իմ կյանքը:

Մեր հարցազրույցներից մեկում մի անգամ ասել ես, որ աղջիկդ քեզ մեծ ուժ է տալիս եւ ցանկանում ես իրեն ցույց տալ, թե որքան ուժեղ մայր ունի: Որքանո՞վ է քեզ օգնում մայր լինելու գործոնը:

Աղջիկս արդեն 7 տարեկան է: Ամեն ինչ նրա համար եմ անում: Բոլոր տանջանքներս նրա լավ ապագայի համար են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով