16:22  ,  5 սեպտեմբերի, 2016

Ճիշտ աշխատելու դեպքում կունենանք խաղացողներ, որոնք բարձր կպահեն հայկական ֆուտբոլի անունը. Հարցազրույց

Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երեւանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանը պատմել է ֆուտբոլային կարիերայից հետո մարզչական աշխատանքի անցնելու առանձնահատկությունների մասին: «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին այժմ աշխատում է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում:

Լեւոն, դու բավական շուտ ավարտեցիր ֆուտբոլիստի կարիերան եւ դարձար մարզիչ: Նախկին ֆուտբոլիստներն առաջին հերթին ի՞նչ դժվարությունների են հանդիպում մարզչական աշխատանքում:

Այո, ցավում եմ, բայց ճիշտ եք, շուտ ավարտեցի ֆուտբոլիստի կարիերան, սակայն երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ մնալ ֆուտբոլում ու գիտելիքներս ու փորձս փոխանցել երիտասարդ սերնդին: Դժվարություններ միշտ էլ կան: Կարծում եմ՝ դրանց լուծումը քրտնաջան աշխատանքն ու միշտ սովորելու ձգտումն է: Երբեք չեմ վախեցել դժվարություններից եւ գնում եմ դրանց ընդառաջ: Վստահ եմ, որ առանց դժվարության չի լինի հաղթանակ: Ես խաղացել եմ շատ ակումբներում ու աշխատել բազմաթիվ մարզիչների հետ: Նրանցից յուրաքանչյուրից փորձել եմ քաղել առավելագույնը:

Հայրդ նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ է: Նրանից հաճա՞խ ես խորհուրդներ ստանում մարզչական աշխատանքում:

Հայրս միշտ ամենագլխավոր մարդն է եղել իմ համար: Կյանքում միշտ հպարտ եմ եղել նրանով: Այո, միշտ տարբեր հարցերով դիմում եմ նրան: Հայրս աջակցել ու աջակցում է ինձ ամեն հացում՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ առօրյա կյանքում:

Ինչպիսին է Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը: Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում ունենալու ենք նոր Մխիթարյաններ:

Ես միշտ ասել եմ, որ մանկապատանեկան ֆուտբոլում մենք միշտ առաջատար ենք եղել, բայց, ցավոք, հետագայում զիջել ենք այն ժամանակահատվածում, երբ պետք է եղել կատարելագործվել, իսկ մեզ մոտ չի ստացվել: Հիմա ես հակված եմ այն մտքին, որ զիջենք մանակապատանեկան ֆուտբոլում, բայց հաջողության հասնենք հաջորդ փուլում: Կան շատ տաղանդավոր երախաներ ու վստահ եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում մենք կունենանք խաղացողներ, որոնք հետագայում բարձր կպահեն հայկական ֆուտբոլի անունը:

Փորձը ցույց է տալիս, որ հայտնի ֆուտբոլիստների որդիները միշտ մնում են երկրորդ պլանում: Այսինքն՝ նրանց ճանաչում են իրենց հայրերով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխեց այդ կարծրատիպը: Խոնարհվում եմ Համլետ Մխիթարյան լեգենդի առջեւ: Սակայն, եթե նախկինում ասում էին Համլետի որդի Հենրիխը, հիմա ավելացել է՝ Հենրիխի հայր Համլետը: Հպարտ եմ, որ Հենրիխն իմ ընկերն է, եւ որ հայրս ու Համլետ Մխիթարյանը բարեկամություն են արել ընտանիքներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս