18:18  ,  20 օգոստոսի, 2016

Միհրան Հարությունյան. Կողոպտեցին մեզ՝ իմ երկրին, իմ ժողովրդին

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մեկնաբանել է խայտառակ մրցավարության հետեւանքով եզրափակիչում հաղթանակ չստանալը եւ պատմել է հետագա անելիքների մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը կողմնակալ մրցավարության հետեւանքով զրկվեց հաղթանակից սերբ Դավոր Ստեֆանեկի հետ եզրափակիչ գոտեմարտում (1:1 հաշիվ, վերջին միավորը ստացել էր Ստեֆանեկը):

«Ոչ թե ինձ, այլ մեզ կողոպտեցին՝ իմ երկրին, իմ ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը: Իմ ընկերների երեխաները հարցնում են՝ ինչու զբաղվել սպորտով, եթե այսպես են վերաբերվում մեծ սպորտում: Իմ երեխաներին հորդորում եմ սպորտով զբաղվել, պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ, որպեսզի հետո էլ նրանց ճակատագիրը կոտրե՞ն:

Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է: Ինձ գրում ու քաջալերում են աշխարհի չորս կողմերից: Գոտեմարտից ու պատվո հարթակին կանգնելուց հետո միանշանակ զգում էի, որ այլեւս չեմ ցանկանում որեւէ կապ ունենալ սպորտի հետ: Չեմ ցականում այլեւս տեսնել 55-ամյա հորս արցունքները, մորս, եղբորս, քույրերիս ապրումները:

Հիմա պետք է հանգստանամ, ձեռքիս վնասվածքը բուժեմ, որոշ ժամանակ անց վերջնական կհասկանամ, թե ինչ պետք է անեմ հետո: Եթե սպորտով այլեւս չզբաղվեմ, կգտնեմ ինձ համար ինչ-որ մի բան»,- ասել է Միհրան Հարությունյանը Հանրային հեռուստատեսության եթերում:

Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում