04:53  ,  17 օգոստոսի, 2016

Արթուր Ալեքսանյան. Հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին եւ պատերազմի բոլոր զոհերին

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած զինվորին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարեւորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել եւ դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին եւ պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,- Ալեքսանյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ը:

Հիշեցնենք, որ գյումրեցի 24-ամյա ըմբիշը դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

Մինչեւ այս անկախ Հայաստանն ունեցել էր միայն մեկ օլիմպիական չեմպիոն՝ Արմեն Նազարյանը, որը 1996 թվականին Ատլանտայի Խաղերում ոսկե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, իսկ 4 տարի անց նույն հաջողությունը կրկնել էր նաեւ Բուլղարիայի դրոշի ներքո:

Հայաստանից օլիմպիական չեմպիոն են դարձել նաեւ՝ հրաձիգ Հրաչյա Պետիկյանը (1992-ին), հունահռոմեական ոճի ըմբիշներ Լեւոն Ջուլֆալակյանը (1988-ին) եւ Մնացական Իսկանդարյանը (1992-ին), ծանրորդներ Յուրի Վարդանյանը (1980-ին), Իսրայել Միլիտոսյանը (1992-ին), Օգսեն Միրզոյանը (1988-ին), բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը (1956-ին), մարմնամարզիկներ Ալբերտ Ազարյանը (1956-ին ու 1960-ին), Հրանտ Շահինյանը (1952-ին), Էդուարդ Ազարյանը (1980-ին), ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովը (1956-ին ու 1964-ին) եւ սկավառակի նետման վարպետ Ֆաինա Մելնիկը (1972-ին):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English