09:07  ,  13 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մայքլ Ֆելփսը բավարարվեց արծաթե մեդալով

Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսն արծաթե մեդալով բավարարվեց Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի բաթերֆլայի 100 մետրում:

22-ակի օլիմպիական չեմպիոնը գրանցեց 51,14 վայրկյան արդյունք եւ, բաժանելով 2-4-րդ տեղերը, հունգարացի Լասլո Չեխի ու հարավաֆրիկացի Չադ Լե Կլոսի պես արժանացավ արծաթե մեդալի: Այս լողաձեւում հաղթեց սինգապուրցի Ջոզեֆ Սկուլինգը, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 50,39 վայրկյանը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Մայքլ Ֆելփսը նվաճել է 4 ոսկե մեդալ՝ հաղթելով բաթերֆլայի ու համալիր լողի 200 մետրում եւ կրոլի 4х100 ու 4х200 մետր փոխանցումալողում: Ռիոյում նվաճած 4 տիտղոսներից հետո Ֆելփսը դարձել էր պատմության առաջին մարզիկը, որը 22-ակի օլիմպիական չեմպիոն է: Նա նաեւ նվաճել էր 13-րդ անհատական ոսկե մեդալն Օլիմպիական խաղերում՝ գերազանցելով վազորդ Լեոնիդաս Հռոդոսցու՝ 2000 տարվա ռեկորդը: Հին հույն օլիմպիականը 12-ակի օլիմպիական չեմպիոն էր դարձել մ.թ.ա. 152 թվականին:

Ռիո-2016-ը Մայքլ Ֆելփսի վերջին Օլիմպիական խաղերն է: Նա կարիերան որոշել էր ավարտել Լոնդոն-2012-ից հետո, սակայն 2014-ին վերադարձավ:

Ռիո-2016, տղամարդիկ, լող

Բաթերֆլայ, 100 մետր

1. Ջոզեֆ Սկուլինգ (Սինգապուր) - 50,39 վայրկյան (օլիմպիական ռեկորդ)

2. Մայքլ Ֆելփս (ԱՄՆ) – 51,14

2. Լասլո Չեխ (Հունգարիա) - 51,14

2. Չադ Լե Կլոս (Հարավային Աֆրիկա) - 51,14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում