12:25  ,  12 օգոստոսի, 2016

Մայքլ Ֆելփս. 20 տարի առաջ լողալ էի սովորում, իսկ շուտով կլինեն իմ վերջին 2 մրցումները

Հաճույք եմ ստանում՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր մրցատարածություն վերջինն է ինձ համար, ասել է ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը, որը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում չորրորդ ոսկե մեդալը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Չգիտեմ՝ հիմա եմ ավելի լավ մարզավիճակում, թե 2008-ին: Գլխավոր նպատակն այն է, որ ես լողահերթն ավարտեմ այնպես, ինչպես ցանկանում եմ: Սա առանձնահատուկ շաբաթ է ինձ համար, քանի որ ավարտում եմ կարիերաս: Ամենախելահեղն այն է, որ 20 տարի առաջ ես լողալ էի սովորում, իսկ շուտով կլինեն իմ վերջին 2 մրցումները: Բարդ է հավատալ դրան:

Հոգով ինձ 18 տարեկան եմ զգում, բայց մարմնիս նույնը չի զգում: Այն հոգնում է, ցավում: Երեւի նկատած կլինեք, թե ինչպիսի դժվարությամբ եմ դուրս գալիս լողավազանից:

Ես շատ եմ խոսել այդ մասին, բայց ամեն օր իրականացնում եմ երազանքս: Մանկությունում երազել եմ անել մի բան, ինչը ոչ ոք չի կարող անել այլեւս: Ես հաճույք եմ ստանում: Ամեն անգամ, երբ տրիբունայում տեսնում եմ մորս, կնոջս, երեխաներիս ու հարազատներիս, աչքերս արցունքոտվում են, քանի որ ցանկանում եմ լինել նրանց կողքին»,- 31-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ռիոյում նվաճած 4 տիտղոսներից հետո Մայքլ Ֆելփսը դարձել էր պատմության առաջին մարզիկը, որը 22-ակի օլիմպիական չեմպիոն է: Նա նվաճեց 13-րդ անհատական ոսկե մեդալն Օլիմպիական խաղերում՝ գերազանցելով վազորդ Լեոնիդաս Հռոդոսցու ռեկորդը: Հին հույն օլիմպիականը 12-ակի օլիմպիական չեմպիոն էր դարձել մ.թ.ա. 152 թվականին:

Ավելի վաղ Մայքլ Ֆելփսը գերազանցել էր նաեւ 96 տարվա ռեկորդ՝ դառնալով պատմության ամենատարեց օլիմպիական չեմպիոնը լողում (31 տարեկանում): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր 1920 թվականի Օլիմպիական խաղերի հերոսներից Դյուկ Կախանամոկին, որը լողի օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 30 տարեկան դառնալուց օրեր անց:

Ռիո-2016-ում ամերիկացին հաղթել է համալիր լողի ու բաթերֆլայի 200 մետրում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի թիմին օգնել է ոսկե մեդալ նվաճել կրոլի 4х100 ու 4х200 մետր փոխանցումալողում:

Ռիո-2016-ը Մայքլ Ֆելփսի վերջին Օլիմպիական խաղերն է: Նա կարիերան որոշել էր ավարտել Լոնդոն-2012-ից հետո, սակայն 2014-ին վերադարձավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում