22:28  ,  9 օգոստոսի, 2016

Արթուր Դավթյանը՝ Ռիոյից. Շարունակելու եմ իմ պայքարը հաջորդ Օլիմպիական խաղերում

Չորս տարի աշխատում ես, մարզվում միայն մեկ օրվա, այդ մեկ պահի համար ու հանկարծ սպորտային բախտը քեզ չի ժպտում, շատ էի տխրել։

Այս մասին ասաց Արթուր Դավթյանը` NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով  իր մրցելույթը Ռիո-2016-ում։

Արթուր Դավթյանը հենացատկում գրանցել է 14.566 միավոր եւ գրավել 11-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Արթուր, դու չհաղթահարեցիր որակավորման փուլը։ Ի՞նչն էր պատճառը։

Մեծ սպորտ է, ամեն ինչ լինում է։ Ուղղակի չստացվեց։ Սպորտային անհաջողություն էր։ Չեմ ցանկանում պատճառներ փնտրել, լավ ցատկեցի, թե վատ, բարձր էր, թե ցածր։ Կարող ես հրաշալի ցատկել, բայց չկարողանալ կանգնել, կամ ընկնել։ Նույն հաջողությամբ բարձր ցատկես, բայց հաջող կանգնել։ Ես սա համարում եմ ուղղակի սպորտային անհաջողություն։ Ինձ վատ զգացի, որ չհաջողվեց, նեղվեցի, բայց սա սպորտ է ու սպորտում ամեն ինչ լինում է։

Գուցե, ավելորդ լարվածությունը քեզ խանգարե՞ց։

Առանձնապես մեծ լարվածություն չունեի, ամեն ինչ նորմալ էր, շատ լավ էր։ Ես երկրորդ անգամ էի մասնակցում Օլիմպիական խաղերին եւ արդեն փորձ ունեի, լարվածությունն ինձ չէր կարող խանգարել։ Լոնդոն-2012-ում անփորձ էի, այնտեղ կար լարվածություն։ Այստեղ ավելի պատրաստված էի, հնարավորություններս ավելի մեծ էին։ Եթե ես մաքուր անեի իմ ցատկը եւ կանգնեի, վստահ եմ՝ եզրափակիչ դուրս կգայի։

Այս անհաջողությունը կարո՞ղ է ազդել հետագայում Օլիմպիական խաղերին մասնակցելու ձգտում չունենալուդ վրա։

Ոչ, չի կարող ազդել, ես շարունակելու եմ հաջորդ Օլիմպիական խաղերում իմ պայքարը։ Ուղղակի հնարավոր չէ չնեղվել: Չորս տարի աշխատում ես, մարզում այս մեկ օրվա, մի պահի համար եւ այս ամենակարեւոր մրցումները չորս տարին մեկ են։ Եվրոպայի առաջնությունում եթե տեղ չես գրավում, մեդալ չես նվաճում, գիտակցում ես, որ հնարավորություն ունես պայքարելու նաեւ հաջորդ տարի՝ մեկ տարի անց։ Իսկ սա չորս տարին մեկ է, ավելի շատ ես տխրում։

Իսկ Ռիո-2016-ի ընդհանուր կազմակերպվածությունը քեզ դուր եկա՞վ։

Ամեն ինչ լավ է, իհարկե, չի համեմատվի Լոնդոն-2012-ի հետ։ Բայց բրազիլացիները փորձել են բոլոր հարմարությունները ստեղծել մարզիկների համար։ Ինձ միայն դուր չեն եկել օլիմպիական ավանի հյուրանոցային համարները, իսկ մնացած ամեն ինչ նորմալ է։ Շատ գեղեցիկ է օլիմպիական ավանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով