14:48  +04,  8 օգոստոսի, 2016

«Մի օլիմպիականի պատմություն». Հրաչ Բաբայան (ֆոտո)

NEWS.am Sport-ի «Մի օլիմպիականի պատմության» հերոսը հրաձիգ,  2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր,  2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, 2015-ին Եվրոպական խաղերում 5-րդ տեղ զբաղեցրած եւ երիտասարդական ռեկորդ սահմանած, Ռիո-2016-ի հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 20-ամյա Հրաչ Բաբայանն է։

Նա Ռիո-2016-ում մրցասպարեզ է դուրս գալու օգոստոսի 8-ին, Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հրաչ, ինչպե՞ս է անցել մանկությունդ, ի՞նչ հիշողություններ ունես։

Ընտանիքում առաջին զավակն եմ, ունեմ նաեւ կրտսեր եղբայր: Ծնողներիս պատմելով՝ հանգիստ երեխա եմ եղել: Փոքր տարիքում շատ կաշկանդված երեխա էի, բայց ժամանակի ընթացքում անցավ այդ ամենը: Տարիքային էր ավելի շատ: Չարաճճիություններ չեմ արել, ես էլ եղբայրս էլ խելոք ենք եղել: Բնավորությունս հանգիստ է, իմ ընտրած մասնագիտության՝ հրաձգության պես:

Ինչպիսի՞ն է եղել քո մուտքը մեծ սպորտ, ինչո՞ւ հենց հրաձգություն:

Երբ ես եկա ընդունվելու հրաձգության, այդ ժամանակ չգիտեի էլ, որ նման մարզաձեւ գոյություն ունի, անգամ չեմ իմացել հրաձգությունն ինչ է, հրաձիգ լինելն ինչ է: Ընդունվելուց հետո մոտ մեկ ամիս այդպես էլ չէի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում այս մարզաձեւը: Ընկերներիս հետ եկա ընդունվելու, ընկերներս մեկ ամսից ձանձրացան դուրս եկան, ես հասկացա, սիրեցի ու մնացի: Հրաձգության դպրոցի մասին միայն լսել էի: Ինձ թվում էր, սա ռազմական դպրոց է, որտեղ ռազմական գործողությունների համար սովորեցնում են կրակել: Ու հենց այդ նպատակով էլ ընկերներով եկել էինք ընդունվելու:

Շատ շուտ սովորեցի կրակել, այստեղ բոլորը տեսնում էին, որ սիրով եմ զբաղվում: Ինձ սկսեց դուր գալ այս մարզաձեւը: Արդյունքներն էլ արագ էին աճում: Հետո իմացա, որ սա օլիմպիական մարզաձեւ է: Մարզիչներն ինձ ասացին, որ տարիքս համապատասխանում է՝ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, բացի այդ կարող եմ պատվով ներկայացնել Հայաստանը: Այդ ժամանակից ավելի լրջորեն սկսեցի նախապատրաստվել՝ իմանալով որ հնարավորություն ունեմ պատանիների այդ մեծ մրցաշարին մասնակցելու: Նանջինգ-2014-ում գրավեցի երկրորդ տեղը, լավ արդյունք էր դա ինձ համար ու ոգեւորությունս էլ ավելի մեծացավ: Ու այդպես շարունակվեց՝ մրցաշարեր, հաղթանակներ, պարտություններ:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել մարզական կարիերայում եւ ի՞նչպես ես հաղթահարել դրանք:

Հիասթափություններ սպորտում շատ են լինում: Ես էլ ապահովագրված չեմ դրանից. խուսափել չի լինում: Օրինակ՝ Բաքվի Եվրոպական խաղերում մեծ հիասթափություն ապրեցի, որ մրցանակային տեղերով առաջ էի գնում, բայց վերջում վրիպեցի, չկարողացա պայքարի մեջ մնալ, շուտ դուրս եկա պայքարից: Հիասթափությունս նրանից էր, որ հնարավորությունս մեծ էր Բաքվում մեդալ նվաճելու, բայց չկարողացա, չստացվեց: Հիասթափություն ապրեցի նաեւ Եվրոպայի առաջնությունում, որտեղ լավ արդյունք ցույց տալու դեպքում Ռիո-2016-ի ուղեգիր կարող էի նվաճել: Նեղվում էի, որ իմ հետ պայքարի մեջ մտածները ուղեգրեր ունեն, բայց իմ արդյունքները նրանցից բարձր էին:

Հիասթափություններն առաջանում են նրանից, որ մեր մարզումները շատ միապաղաղ են, միանման: Մեկ ամիս կարող ես մարզումների ընթացքում լավ արդյունք ցույց տալ, մի քանի ամիս շատ վատ: Դա նրանից է, որ մեր մարզաձեւում ֆինանսական խնդիրների պատճառով քիչն են լինում մրցաշարերին մասնակցությունը, հավաքները, չունես հնարավորություն մարզվել այլ երկրների հրաձիգների հետ, այլ հրաձգարաններում, շփվել այլ երկրների մարզիկների հետ, նրանցից նոր բան սովորել:

Եթե չլիներ սպորտը, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

Այդ հարցի շուրջ շատ եմ մտածել, բայց պատասխանն այդպես էլ չեմ գտնում: Մինչ հրաձգության գալը, հրաձգարան մտնելը, ես չունեի կյանքի նպատակ: Այս մարզաձեւով ես գտա իմ կյանքի նպատակը, ինքս ինձ գտա: Ես կյանքը տեսնում եմ միայն սպորտում:

Ծնողներդ ինչպե՞ս են արձագանքել քո ընտրությանը:

Երկար ժամանակ ծնողներս պատկերացում չունեին, թե ես ինչով եմ զբաղվում, ինչ է իրենից ներկայացնում հրաձգությունը: Ես պարբերաբար փորձում էի նրանց բացատրել, բայց չէի մեղադրում, քանի որ իրականում մարդիկ չեն հասկանում թե ինչ է հրաձգությունը: Երբ կրտսեր եղբայրս սկսեց ինձ հետ հաճախել մարզումների ու երկուսով սկսեցինք բարձր արդյունքներ ցույց տալ, ծնողներս նոր հասկացան, որ սա մարզաձեւ է կյանքի համար, իմ ընտրած մասնագիտությունը: Այսօր նրանք շատ են հպարտանում ինձանով ու եղբորովս: Հատկապես շատ լավ արձագանքեցին, երբ իմացան, որ հնարավորություն ունեմ մասնակցելու Ռիո-2016-ին՝ Օլիմպիական խաղերին: Նրանց ուրախությունն ու երջանկությունը իմ ու եղբորս ամեն մի հաղթանակով, իմ կյանքի ձեռքբերումն է:

Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ։

Ամաչկոտ եմ, պահանջկոտ, անհամբեր: Ինձ բոլորը գիտեն որպես շատ հանգիստ անձնավորություն: Ու շատ քչերը գիտեն, որ իրականում ես հանգիստ ու խաղաղ մարդ չեմ, շատ շուտ եմ հունից դուրս գալիս, ամեն մի մանրուքից կարող եմ նյարդայնանալ:

Ի՞նչն  ես գնահատում մարդկանց մեջ։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քո ընկերը:

Շատ եմ սիրում ու գնատահատում այն մարդկանց, ովքեր կյանքի նպատակ ունեն, նպատակասլաց են ու աշխատասեր: Իմ ընկերներն այդպիսին են: Ընկերներ շատ ունեմ, բայց քչերի հետ եմ կարողանում լիարժեզ շփվել, բացվել: Դա ավելի շատ իմ ներքին խնդիրն է: Շատ շուտ եմ վստահում մարդկանց, նույնիսկ 30 րոպե շփումից հետո, ու նաեւ շատ շուտ էլ ներում եմ, որն ինձ կյանքում շատ է խանգարում. կարող են ինձ ուժեղ վիրավորել, բայց կարճ ժամանակ անց ես այդ վիրավորանքը մոռանամ:

Ի՞նչ երազանք ունես:

Ուզում եմ այս մարզաձեւում անընդհատ առաջ գնալ, իմ առջեւ նպատակ ունեմ դրած, ուզում եմ հասնել այդ նպատակիս. դա Օլիմպիական խաղերի մեդալն է: Մի քանի ժամից դուրս եմ գալիս մրցելույթի ու փորձելու եմ հնարավորինս անել, որ նպատակիս հասնեմ: Չեմ ցանկանում զուտ մասնակցությամբ ապահովեմ իմ ներկայությունը Ռիո-2016-ում:

Երազում եմ Օլիմպիական խաղերից մեկում մրցահարթակ դուրս գալ եղբորս հետ եւ նրա հետ պայքարել հաղթանակի համար:

Իսկ սպորտից դուրս երազում եմ ապագայում ծնողներիս, եղբորս ու իմ ապագա ընտանիքին հնարավորություն ունենալ ապահովել լավ ու բարեկեցիկ կյանքով, որ նրանք երբեք ոչնչի կարիք չունենան: Ուզում եմ ծնողներս միշտ առողջ լինեն, ես ու եղբայրս էլ մեծ հաջողությունների հասնենք ապագայում, նրանք տեսնեն ու մեզանով հպարտանան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ