17:00  +04,  7 օգոստոսի, 2016

Հակոբ Սերոբյանը՝ Ռիոյից. Հարություն Մերդինյանն աշխարհի ուժեղագույններից մեկն է, մեդալի շանսերը մեծ են

Հարություն Մերդինյանն աշխարհի ուժեղագույններից մեկն է: Եզրափակիչում պայքարը լինելու է շատ ուժեղ: Մեդալի շանսերը մեծ են: Արթուր Դավթյանն էլ հրաշալի ցատկեց, միայն վերջում հավասարակշությունը չկարողացավ պահել: Շատ գոհ եմ երկուսից էլ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ, Ռիո-2016-ի հենացատկի մրցաշարը սպասարկող միջազգայի կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով հայ մարմնամարզիկների մրցելույթները որակավորման փուլում:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի սպորտային մարմնամարզության նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հավաքեց 15.583 միավոր եւ զբաղեցրեց չորրորդ տեղը՝ դուրս գալով Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ: Օգոստոսի 14-ին հայ մարմնամարզիկը կպայքարի մեդալի համար:

Սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը գրանցեց 14.566 միավոր եւ գրավելով 11-րդ տեղը՝ լքելով պայքարը: Նշենք, որ որակավորման փուլից եզրափակիչ են դուրս գալիս 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները:

Պարոն Սերոբյան, որկակավորման փուլը հաղթահարեց միայն Հարություն Մերդինյանը: Արթուր Դավթյանը լքեց պայքարը: Ըստ Ձեզ, ինչը խանգարեց Արթուր Դավթյանին:

Արթուր Դավթյանը հրաշալի մասնակցություն ունեցավ: Ես հենացատկի վարժության մրցավարական կազմում էի: Արթուր Դավթյանը հրաշալի ցատկեց, մաքուր էր: Առաջին ցատկը գերազանց էր: Նույնիսկ իր հնարավորություններից առավել: Առաջին ցատկի ժամանակ հիացմունքս ու էմոցիաներս այնքան շատ էին, որ նստած տեղիցս կանգնեցի եւ ծափ տվեցի: Այնտեղ բոլորն էլ գիտեն, որ Արթուրն իմ սանն է եւ որեւէ խնդիր չէր կարող լինել: Բայց իրականում իրավունք չկա ծափահարելու, կանգնելու եւ սուբյետիվ կարծիքդ արտահայտելու: Երկրորդ ցատկից հետո, երբ սխալ վայրէջք կատարեց եւ հավասարակշությունը չկարողացավ պահել, կրկին բուռն արձագանքեցի եւ ուժեղ հարվածեցի սեղանին: Իմ սանն է, սիրտս ցավում է նրա այս անհաջողության համար: Արթուրի կատարումից շատ գոհ եմ, նա իսկապես փայլուն ցատկեց, ուղղակի նրան պակասեց սպորտային բախտը: Այսօր նա Օլիմպիական խաղերում ուժեղագույնների մեջ 11-րդ տեղի արդյունք ցույց տվեց, որն իսկապես խոսում է մարմնամարզիկի ուժեղ լինելու ու պրոֆեսիոնալիզմի մասին:

Արթուրը դեռեւս երիտասարդ է եւ դեռ կշարունակի իր պայքարը օլիմպիական մրցարշավում: Խոսել եմ նրա հետ, հետաքրքրվեցի, հարցրեցի, ինչն էր պատճառը. նա միայն իրեն է մեղադրում, ասում է՝ իմ մեղքով: Ինչ արած, մեծ սպորտ է, սա էլ Օլիմպիական խաղերն են. ամենաուժեղների մրցաշարը:

Հարություն Մերդինյանը եզրափակչում է, ինչպես եւ կանխատեսում էիք: Որքա՞ն կգնահատեք Մերդինյանի մեդալի շանսերը:

Հարություն Մերդինյանը աշխարհի ուժեղագույններից է: Դա միայն ես չեմ ասում, այստեղ բոլորն են այդ կարծիքին, որ հայ մարզիկն ամենաուժեղներից մեկն է, եւ հենց նա է պայքարելու մեդալի համար: Հարությունի մեդալի շանսերն ավելի մեծ են: Որակավորման փուլում Հարություն Մերդինյանը ներկայացավ իր ոչ բարդացված ծրագրով: Եզրափակիչում նախատեսում ենք ներկայանալ բարդ ծրագրով եւ 99 տոկոսով կանի այդ վարժությունը, որի բարդությունն ու կատարողականությունը հաշվարկում ենք 16,9 միավոր: Սա այն դեպքում, եթե կատարյալ մաքուր կատարի վարժությունը:

Մերդինյանը շատ ուժեղ է, նրա մրցակիցներն էլ են շատ ուժեղ: Եզրափակիչում մեծ պայքար է գնալու, մեդալի պայքար:

Պարոն Սերոբյան, Դուք Ռիո-2016-ի սպորտային մարմնամարզության մրցավարական կազմի մեջ եք: Սպորտային մարմնամարզության մրցաշարում  մրցավարական կողմնապահություն կա՞:

Մարմնամարզությունում սուբյեկտիվություն կա: Մրցավարները դատում են մարզադահլիճի տարբեր անկյուններից: Բացառվում է, որ բոլորի միավորները նույնը լինեն: Շատ հավանական է, որ գործիքներից մեկում՝ օրինակ նժույգի վարժությունում մարմնամարզիկը ձեռքը ծալի կամ դիպչի գործիքին, դիմացի նստած մրցավարը դա չնկատի, իսկ ետեւի մրցավարը նկատի: Սուբյեկտիվությունն այնքան է, որ 1/10-րդ կամ 2/10-րդական միավոր ավելի կամ պակաս կարող են նշանակել:

Իսկ, առհասարակ, սուբյեկտիվությունն այնքան է, որ այս տվյալ մրցավարական կազմում ներկայացուցիչ պետք է լինի, պարտադիր: Ես այստեղ եմ, որ մեր մարզիկները օբյեկտիվ գնահատական ստանան, նրանց արդար դատեն, այնքան, որքանի արժանի են: Միշտ մերոնց քիչ են նշանակել: Իսկ այսօր մեր մարզիկներին արդար են դատում: Բացի այդ, մեր մարմնամարզիկներն իսկապես այսօր դասվում են աշխարհի ուժեղագույնների շարքում. Հարությունն էլ, Արթուրն էլ: Արթուրը, որ երկրորդ ցատկը հաջող չավարտեց, բոլորն ափսոսանք էին արտահայտում, որովհետեւ տեսնում են, որ հենացատկում առաջատարներից է:

Այսօր մրցասպարեզ դուրս կգա մեր առաջին կին մարմնամարզուհի օլիմպիականը՝ Հուռի Գեբեշյանը: Ի՞նչ շանսեր ունի Հուռին:

Հուռին հրաշալի մարմնամարզուհի է, մեր առաջին կին մասնակիցը Խաղերում: Լավ ծրագրով է ներկայանում: Այսօր նա նոր տարր է ներկայացնելու, բարդ էլեմենտ պտտաձողերի վրա: Եվ եթե լավ կատարի այդ տարրը, կկոչվի նրա անունով; Սա բացառիկ երեւույթ է եւ շատ կուզենամ, որ հաջողի: Եթե ամեն ինչ հաջող անցնի, նրա ամենալավ արդյունքը կլինի 24 լավագույնների մեջ՝ այսինքն՝ եզրափակիչում հայտնվելը:

Հուռի Գեբեշյանը հրաշալի մարդ է, տաղանդավոր մարմնամարզիկ: Նա կլինի կանանց սպորտային մարմնամարզությունում Հայաստանից առաջին քայլեր անողը: Նրանով կմեկնարկենք եւ սկսենք Հայաստանում զարգացնել նաեւ կանանց մարմնամարզությունը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս