17:12  ,  6 օգոստոսի, 2016

Արկադի Անդրեասյանը գլխավորել է «Արարատը»

Հայկական ֆուտբոլի լեգենդներից Արկադի Անդրեասյանը դարձյալ նշանակվել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը:

Այդ պաշտոնում 68-ամյա մասնագետը կփոխարինի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորող Վարուժան Սուքիասյանին:

Անդրեասյանը երեւանյան ակումբը գլխավորել է տարբեր ժամանակահատվածներում: Նրա օրոք «Արարատը» դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):

Անդրեասյանը՝ որպես ֆուտբոլիստ, «Արարատի» հետ երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր (1973, 1975) եւ մեկ անգամ չեմպիոն (1973), երկու անգամ հռչակվել է առաջնության արծաթե մեդալակիր (1971, 1976 (գարուն):

Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով