21:01  +04,  5 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Հուռի Գեբեշյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին: Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին:

Հուռի Գեբեշյան, սպորտային մարմնամարզություն, բազմամարտ

Ծնվել է՝  27.07.1989 թ.  ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։

Անձնական մարզիչն է Լեւոն Կարախանյանը։

2010 թվականից ներկայացնում է Հայաստանը, 2015 թ. Գլազգոյի աշխարհի առաջնությունում նվաճել է Օլիմպիական փորձամրցման մասնակցության իրավունք, որտեղ էլ նվաճել է Ռիո-2016-ի ուղեգիր։

Ամուսնացած չէ։

Հուռի, մի փոքր պատմիր քո հայկական արմատների մասին։ Որտե՞ղ ես ծնվել, մեծացել։

Արմատներով մուսալեռցի եմ։ 1915 թվականին տատիկս ու պապիկս արտագաղթել են  Լիբանան եւ իմ ծնողները մեծացել են այնտեղ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ էլ ծնվել եմ ես։

 Ե՞րբ  եւ ինչպե՞ս ես սկսել  զբաղվել  մարմնամարզությամբ։  

Ես մեծ տարիքում եմ սկսել զբաղվել մարմնամարզությամբ։ Շատ հայ մարմնամարզիկների եմ ճանաչել, լավ կապեր եմ ունեցել հայ մարզիկների եւ մարզիչների հետ։ Հայաստանի հետ կապ մշտապես ունեցել եմ։ Քանի որ Հայաստանում կին մարմնամարզուհիների պակաս կար, ես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից եւ հանդես գալ իմ հայրենիքի դրոշի ներքո։ Ես համոզված եմ, որ իմ որոշումը ներկայացնելու Հայաստանը մեր երկրին կտա ավեի մեծ ճանաչում եւ մեծ հնարավորոթյուններ։

Ինչպե՞ս ես հանդիպել քո մարզիչ Լեւոն Կարախանյանին։

Հայրիկիս ընկերներից մեկն ինձ ներկայացրեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային։ Այնտեղ ես ծանոթացա տղաների հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի եւ մարզիչ Լեւոն Կարախանյանի հետ։ Նրանք տեսնելով ինձ, իմ ելույթները, հորդորեցին եւ այսպես ասած համոզեցին, որ ես սկսեմ պրոֆեսիոնալ զբաղվել սպորտային մարմնամարզությամբ։  2010 թվականին եկա Հայաստան, մասնակցեցի Հայաստանի առաջնությանը եւ այդ ժամանակից ներկայացնում եմ Հայաստանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Իմ մասնագիտության ընտրության հարցում մեծ ազդեցություն ու ներդրում ունեն մարզիչներ Լեւոն Կարախանյանն ու Հակոբ Սերոբյանը։

Դու առաջին հայ կին մարմնամարզուհին ես, ով մասնակցում է Օլիմպիական խաղերին։  Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնելը։

Ես շատ հպարտ եմ, որ Հայաստանի առաջին կին մարմնամարզուհին եմ, ով Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ձեռք բերել։ Ինձ համար մեծ պատիվ է հայկական դրոշի գույները իմ մարզահագուստի վրա կրելը։ Մեծ պատիվ է այստեղ՝ Ռիոյում լինելը եւ Հայաստանը ներկայացնելը այս ամենաբարձր մրցահարթակում։

Այս ամենից զատ, ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի այն, որ ես Հայաստանի առաջին կին ներկայացուցիչն եմ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում։ Այս փաստն ինձ ոգեւորում է եւ ուժ տալիս առաջիկա մրցելույթիցս առաջ։  Համոզված եմ, որ իմ մասնակցությունը Ռիո-2016-ում մեծ մոտիվացիա կլինի հայ աղջիկների եւ ապագա մարմնամարզուհիների համար։

Ուրախ եմ, որ մեկնարկը ես եմ տալիս ու հետագայի համար ճանապարհ եմ բացում հայ մարմնամարզուհիների համար։

Ի՞նչ մարզավիճակում ես այժմ։

Ունեմ լավ մարզավիճակ, պատրաստ եմ Օլիմպիական մեկնարկիս։ Հուզվում եմ, շարունակում եմ մարզումներս։ Սա մի աստիճան է, որին հասնելու համար մի ամբողջ կյանք ես դնում։ Ես ինձ շատ լավ եմ զգում։ Այս Օլիմպիական խաղերում ես կատարելու եմ նոր բարդ տարր, որը լիարժեք եւ մաքուր կատարելու դեպքում, այն կանվանակոչվի իմ անունով։ Բարդ տարրի մտահղացումն իմն է, եւ եթե ես հաջող կատարեմ այն կկոչվի «Հուռի Գեբեշյան տարր», ինչպես օրինակ ազարյանական խաչը։

Ինչպե՞ս կգնահատես քո շանսերը Ռիո-2016-ում։

Ես լավ մարմնամարզիկ եմ, պատրաստված եմ, բայց այստեղ աշխարհի ուժեղագույններն են եւ մեծ մրցակցություն է լինելու։ Իմ ուժերի հնարավորությունների չափով լավագույնս կներկայանամ, կպայքարեմ, որքան կարող եմ։ Չեմ կարող ասել՝ ինչ արդյունք կգրանցեմ։

Երազանքս օլիմպիական ոսկե մեդալն է։ Չեմ կարող ասել, ինձ կհաջողվի մեդալ նվաճել, թե ոչ։ Բայց իմ երազանքներում միշտ կմնա օլիմպիական ոսկե մեդալը։

Ես ունեմ եւս մեկ երազանք: Կուզեի, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր, որքան հնարավոր է շատ մարզիկներ՝ անկախ մարզաձեւից։ Խաղերը մեծ փորձ են յուրաքանչյուր մարզիկի համար։

Ես երախտապարտ եմ, որ ինձ տրվել է Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն։ Այսպիսով՝ իմ երազանքն է աշխարհին ցույց տալ, որ մենք ուժեղ ազգ ենք։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ