11:51  ,  25 հուլիսի, 2016

Կունգ-ֆուի միջազգային ֆեդերացիայի նախագահ. Աշխարհի առաջնությունում Հայաստանի արդյունքները տպավորիչ են

Աշխարհի առաջնությունում Հայաստանի արդյունքները տպավորիչ են, ասել է Կունգ-ֆուի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ՄԱԿ-ի դեսպանորդ, կունգ-ֆուի վարպետ, Շաոլինի սան Ֆու Բյաոն NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Այս մրցումները նշանակալի դարձան Հայաստան հավաքականի համար: Կարծում եմ՝ նրանց գերազանց մրցելույթների շնորհիվ Հայաստանում շատ մարդիկ կսկսեն զբաղվել կունգ-ֆուով: Ես շատ եմ ցանկանում այցելել Հայաստան եւ հույս ունեմ, որ առաջիկայում կայցելեմ, քանի որ կունգ-ֆուն ամբողջ աշխարհում զարգացման կարիք ունի: Կունգ-ֆուն արագ տեմպերով ժողովրդականություն է ձեռք բերում շատ երկրներում: Այս առաջնությունում Հայաստանի արդյունքները հիացրին ինձ»,- նշել է միջազգային ֆեդերացիայի նախագահը:  

Մոսկվայում Մարտարվեստների միջազգային փառատոնում ավարտվեց կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականը 7 ոսկե, երեքական արծաթե եւ բրոնզե մեդալներով գրավեց թիմային երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Չինաստանին:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում