16:05  ,  24 հուլիսի, 2016

Աշխարհի չեմպիոն Լիլիթ Արզումանյան. Գլխավորն այն է, որ թիմի համար նվաճեցի ոսկե մեդալ

Կունգ-ֆուի աշխարհի առաջնությունում առաջին անգամ հանդես եկած Լիլիթ Արզումանյանը Մոսկվայում Հայաստանի համար ոսկե մեդալ է նվաճել թայշի տուշոու մրցաձեւի 52 կգ քաշայինների պայքարում:

NEWS.am Sport-ի թղթակիցը Մոսկվայում զրուցել է նորընծա չեմպիոնի հետ:

Լիլիթ, ի՞նչ տպավորություններ ունես:

 Անկեղծ ասած դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ: Վաղուց եմ զբաղվում չինական մարտական արվեստներով, բայց տուշոու ոճով սկսել եմ վերջերս մարզվել: Ինձ հետաքրքրեց այս ոճը, քանի որ շատ հին արմատներ ունի: Ինձ համար գլխավորն այն է, որ հավաքականի համար նվաճեցի ոսկե մեդալ: Նույնիսկ, ավելի շատ եմ ուրախանում թիջի մրցաոճում մեր տղաների նվաճած ոսկե մեդալների համար:

Այս առաջնությունից հետո ինչի՞ն ես պատրաստվելու:

Հաջորդ տարվա աշխարհի առաջնությանը: Ցավոք, Հայաստանում չկան տուշոու մրցաձեւով զբաղվող այլ աղջիկներ: Լինում են սփարինգ մրցակցի խնդիրներ: Կցանկանայի, որ մարդիկ սկսեն հետաքրքրվել այս մարզաձեւով՝ ոչ միայն մեդալների, այլեւ առողջ կենսակերպի համար: Հայաստանում կա ներուժ, բայց անհրաժեշտ է կունգ-ֆուի զարգացում, որպեսզի մեր թիմն ավելի շատ մասնակիցներ ունենա աշխարհի առաջնություններում: Վստահ եմ՝ այդ դեպքում ավելի շատ մեդալներով կուրախացնենք մեր երկրպագուներին:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով