17:31  +04,  18 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Արթուր Հովհաննիսյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Ռիո-2016-ի Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին:

Արթուր Հովհաննիսյան. բռնցքամարտ, 49 կգ

Ծնվել է 1996 թվականի մարտի 23-ին Գյումրիում։

Ամուսնացած չէ։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի չեմպիոն,  2015թ․Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2016 թ․ Սամսունի օլիմպիական վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի մրցանակակիր։

Ռիո-2016-ի ուղեգիր նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է Մանվել Գաբրիելյանը։

Ամեն ինչ սկսվեց․․․

Մեր ընտանիքում բռնցքամարտը դեռ մինչեւ իմ ծնվելն է սիրված եւ ընդունված մարզաձեւ եղել։ Հայրս եւ հորեղբայրս զբաղվել են բռնցքամարտով եւ նրանց մարզիչն էլ եղել է իմ ներկայիս անձնական մարզիչը՝ Մանվել Գաբրիելյանը։ 2007 թվականին, երբ ես 11 տարեկան էի, հայրս որոշեց ինձ ու եղբորս տանել բռնցքամարտի։ Այդ ժամանակ համընկավ Մանվել Գաբրիեյանի Հայաստան վերադառնալուն․ նա երկրում չէր։  Սկզբում լուրջ արդյունքներ չունեինք, մինչեւ երիտասարդների Եվրոպայի աշխարհի առաջնությունները։ Հետո աստիճանաբար ստացվեց։ Առաջին մրցումս ու լուրջ հաջողությունս մեծահասակների կազմում եղել է 2015 թ․ Ստրանջայի մրցաշարը, որտեղ ես հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ արել։ Այդտեղ նվաճեցի բրոնզե մեդալ։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճեցի․․․

Թուրքիայի մրցաշարում նվաճեցի ուղեգիրս։ Իմ ամենաուրախ օրերից մեկն է։ Միշտ հետեւել եմ Օլիմպիական խաղերին, մեր բռնցքամարտիկների մրցելույթներին, բայց ինձ համար երազանք է եղել Խաղերին մասնակցելը։ Նպատակ ունեցել եմ, որ մի օր էլ ես հնարավորություն ունենամ ուժերս փորձել օլիմպիական ռինգում։ Բայց չեմ պատկերացրել, որ մեծահասակների կազմում երրորդ լուրջ միջազգային մրցաշարում արդեն վարկանիշ ձեռք կբերեմ։

Գնում եմ Ռիո․․․

Գնում եմ հաղթանակի հետեւից, գնում եմ ուժերս ցույց տալու, գեղեցիկ բռնցքամարտ ցույց տալու։ Ուզում եմ Ռիոյում բոլորը տեսնեն, թե ով է գյումրեցին։

Հույսեր, սպասելիքներ․․․

Նպատակով ու հույսով եմ մեկնում Օլիմպիական քաղաք, բայց չեմ ցանկանում որեւէ բան խոսք տալ։ Կանեմ հնարավորինս արդյունքով վերադառնալու համար։

Կարեն Աղամալյան (բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ)

Արթուր Հովհաննիսյանը հեռանկարային բռնցքամարտիկ է․ լուրջ ու հանգիստ տղա է, ռինգում շատ ագրեսիվ է, աշխատասեր մարզիկ է։ Նպատակով մարզվում է, նրա աչքերից զգացվում է ինչի համար, ինչ ցանկությամբ ու երազանքով է մարզվում։ Արդեն մի քանի մրցաշարերում ցույց տվել է իր տղանադը, ունակությունները։ Համոզված եմ, որ իրեն լավագույնս կդրսեւորի նաեւ Ռիոյի ռինգում։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ