12:30  ,  16 հուլիսի, 2016

ՀՀՖ փոխնախագահ. Պավել Ստեփանյանն, անտեսելով սալջարդերն ու ցավը, շարունակել է պայքարը վթարից հետո

Հեծանվորդ Պավել Ստեփանյանի վիճակը նորմալ է՝ չնայած սալջարդերի, բայց նա տղամարդավարի շարունակել է իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում եւ բարձր արդյունքներ գրանցել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Մարտին Շարբաթյանը:

Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում ընթացող հեծանվասպորտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնության սկրետչ մրցաձեւի մրցման ընթացքում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մի քանի հեծանվորդներ, նրանց թվում նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Պավել Ստեփանյանը հոսպիտալացվել են:

Դեպքը տեղի է ունեցել սկրետչ մրցաձեւի մրցման վերջին վայրկյաններին, երբ հեծանվորդներն արդեն հատելուց են եղել եզրագիծը: Առաջինը եզրագիծը հատողների մեջ եղել է նաեւ Պավել Ստեփանյանը: Եզրագծից մի քանի շրջան առաջ առաջատարներին է բախվել մեկ շրջանով հետ մնացած թուրք հեծանվորդը, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել վթարը: Բախումն այնքան ուժեղ է եղել, որ բելառուս հեծանվորդը դուրս է նետվել հեծանվահրապարակից:

«Վթարն իսկապես շատ վտանգավոր է եղել, բայց անմիջապես երկրոդ օրը խմբակային մրցավազքում Պավել Ստեփանյանը վնասվածքներով դուրս է եկել մեկնարկի եւ Եվրոպայի առաջնության 5-րդ տեղ է զբաղեցրել: Այժմ Պավելի վիճակը նորմալ է, կոտրվածքներ չունի, բայց մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր ունի: Բայց մեր հեծանվորդն այնքան տղամարդ տղա է, որ մրցման երկրորդ օրը չի համաձայնվել, որ ուրիշն իր տեղը մասնակցի, այդպես սալջարդերով ու ցավերով մասնակցել է մրցմանը եւ այդ վիճակով 5-րդ տեղ է զբաղեցրել: Նրա այս քայլ իսկական հերոսություն է: Պավելը շարունակում է իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում, դեռ մի քանի մրցատարածություններում կմասնակցի»,- ասաց Մարտին Շարբաթյանը:

Իտալիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում մասնակցում է 3 հայ հեծանվորդ: Արմեն Գյոզալյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա հուլիսի 18-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով