01:32  ,  11 հուլիսի, 2016

Ռոնալդուի վնասվածքը Պորտուգալիային չխանգարեց դառնալ Եվրոպայի չեմպիոն (ֆոտոշարք)

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիայում ավարտված Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին, որին նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ (պարտվելով վերջին 10 խաղերում):

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն աչքի չընկավ դիտարժանությամբ եւ խաղի բարձր որակով: 

Մեկնարկային րոպեներին լարվածությունն այնքան մեծ էր, որ ֆուտբոլիստները հաճախ կատարում էին սխալ փոխանցումներ: Ֆրանսիացիներն աստիճանաբար ստացան տարածքային առավելություն եւ ավելի լավ տեսք ունեին սկզբնամասում: 9-րդ րոպեին տեղի ունեցավ մի բան, որը Պորտուգալիայի հավաքականի երկրպագուները կարող էին տեսնել միայն ամենավատ երազներում: Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետի հետ բախման պատճառով ցավոտ հարված ստացավ ծնկին եւ հայտնվեց խոտածածկին: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը քիչ անց վերադարձավ խաղադաշտ, սակայն ակնհայտ էր, որ ցավեր ունի: Ֆրանսիացիներն առաջին գոլային պահն ունեցան 10-րդ րոպեին, երբ Անտուան Գրիզմանի գլխով հարվածից հետո Ռուի Պատրիսիուն փրկեց պորտուգալացիներին: Այդ դրվագին հաջորդած անկյունային հարվածը եւս վտանգավոր ստացվեց Պորտուգալիայի հավաքականի դարպասի մոտ: Խաղի տեմպն աստիճանաբար ընկավ, իսկ ֆրանսիացիների տարածքային առավելությունը մեծանում էր: Այնուամենայնիվ, բոլորի ուշադրության կենտրոնում Ռոնալդուն էր, որը 18-րդ րոպեին դարձյալ լքեց խաղադաշտը՝ այս անգամ արցունքոտ աչքերով: Շուտով Կրիշտիանուն վերադարձավ ծնկի վիրակապով, սակայն րոպեներ անց ցույց տվեց, որ չի կարող շարունակել խաղը եւ նրան 25-րդ րոպեին փոխարինեց պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման:

Պորտուգալացիները կարծես հաշտվել էին երկրորդ համարով հանդես գալու հետ եւ խաղում էին հակագրոհներով, իսկ ֆրանսիացիները չէին կարողանում առավելությունը վերածել վտանգավոր պահերի: Ամեն դեպքում, Դիդյե Դեշամի թիմի գրոհները շատ հասարակ էին եւ բացակայում էր արագությունը, իսկ Պորտուգալիան բավական վստահ էր պաշտպանվում: 34-րդ րոպեին Ֆրանսիայի թիմից հաշիվը բացելուն մոտ էր առաջին խաղակեսի ամենաակտիվ ֆուտբոլիստ Մուսա Սիսոկոն, որը չկարողացավ գրավել դարպասը: Խաղակեսի վերջնամասն անցավ առանց գոլային պահերի եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից հետո պորտուգալացիներն ակտիվացան եւ հավասարեցրին խաղը: Երկրորդ խաղակեսն անցնում էր առանց գոլային պահերի: Ֆրանսիացիները գնդակը հանձնել էին Պորտուգալիայի թիմին եւ կարծես սպասում էին մրցակցի սխալին: 2 թիմերն էլ պրեսինգի չէին դիմում մրցակցի կիսադաշտում՝ խնայելով ուժերը: 65-րդ րոպեին ֆրանսիացի Անտուան Գրիզմանը կորցրեց այս խաղի ամենաիրական գոլային պահը՝ դարպասի առջեւից կատարելով գլխի շեղ հարված: Դրանից հետո ֆրանսիացիներն անդադար գրոհում էին ու եւս մի քանի անգամ անհանգստացրին Ռուի Պատրիսիուին, իսկ պորտուգալացիները հազվադեպ էին շարժվում մրցակցի կիսադաշտ, գրոհելուց էլ դա անում էին 2-3 խաղացողներով: 80-րդ րոպեին արդեն Ֆերնադու Սանտուշի թիմը ստեղծեց 2 վտանգավոր պահ, բայց գոլ խփել չհաջողվեց: Դրանից հետո պորտուգալացիները մի պահ խաղը հեռացրին սեփական կիսադաշտից, սակայն նրանց ակտիվությունը շատ կարճ տեւեց: Վերջնամասում Ֆրանսիան դարձյալ ակտիվացել էր եւ վերջին վայրկյաններին ունեցավ հաղթանակ կորզելու իրական հնարավորություն: Փոխարինման դուրս եկած Անդրե-Պյեր Ժինյակի հարվածից հետո հիանալի հանդիպում անցկացրած Ռուի Պատրիսիուն էլ անկարող էր օգնել իր թիմին, սակայն պորտուգալացիներին փրկության հասավ դարպասաձողը: Գրանցվեց 0:0 հաշիվը եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում թիմերը շատ զգույշ էին գործում: Ֆրանսիացիների մոտ գոլ խփելու ձգտումն ավելի մեծ էր, բայց նրանց գրոհների փորձերը վտանգավոր չէին ստացվում: Պորտուգալացիներն էլ խաղարկելով մեկ վտանգավոր անկյունային ու տուգանայինից դարպասաձողին հարվածելուց հետո բացեցին հաշիվը: 110-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Էդերը, որը պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականում: Վերջին րոպեներն անցան փոխնիփոխ գրոհներով, իսկ պորտուգալացիները ցուցադրեցին, որ հիանալի է պատրաստված ֆիզիկապես եւ հասան պատմական հաջողության:

Հատկանշական է, որ Պորտուգալիայի հավաքականը չեմպիոնության ճանապարհին միայն մեկ խաղում է հաղթել հիմնական ժամանակում: Պորտուգալացիները, խմբային փուլում ոչ ոքի խաղալով Իսլանդիայի (1:1), Ավստրիայի (0:0) ու Հունգարիայի (3:3) հետ, երրորդ տեղով դուրս էին եկել 1/8 եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության էին հասել Խորվաթիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցակիցը լեհերն էին, որոնք պարտվեցին հետխաղյա 11 մետրանոցներով: Կիսաեզրափակիչում էլ Պորտուգալիայի թիմը հիմնական ժամանակում ուժեղ էր գտնվել Ուելսից՝ 2:0: Պորտուգալիան առաջին հավաքականն է, որը դառնում է Եվրոպայի չեմպիոն՝ խմբային փուլում չտանելով ոչ մի հաղթանակ:

Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոն դարձել էր 1984-ին եւ 2000-ին, իսկ պորտուգալացիները երկրորդ անգամ խաղացին Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Տնային Եվրո-2004-ի եզրափակիչում նրանք սենսացիոն պարտություն էին կրել Հունաստանից:

Հիշեցնենք, որ այս տարի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Եվրոպայի նախորդ 2 առաջնությունների հաղթող Իսպանիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր իտալացիներին:

Եվրո-2016, եզրափակիչ

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 1:0

Էդեր, 110

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Ժոաո Մոուտինյո, 67), Ռենատու Սանչես (Էդեր, 79), Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո (Անտոնի Մարտիալ, 110), Դիմիտրի Պայետ (Կինգսլի Կոման, 58), Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 78):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով