10:57  ,  8 հուլիսի, 2016

«Օմոնիա» - «Բանանց». Մարզչական ամփոփում

Երեւանի «Բանանցի» եւ կիպրոսյան «Օմոնիայի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Տիտո Ռամալյո («Բանանց»). «Ինչպես եւ սպասվում էր, դժվար հանդիպում ստացվեց, սակայն ինչպես եւ առաջին խաղում հնարավորություն ունեինք հաջողության հասնելու համար: Մեզ չհաջողվեց խփել երկրորդ գոլը, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ եւ ամեն ինչ ավելի բարդացավ մեզ համար: Երբ «Օմոնիան» խփեց երկրորդ գոլը, արդեն մեր խնդիր շատ բարդացավ: Շնորհավորում եմ «Օմոնիային»: Հիանալի է խաղալ նման մթնոլորտում: Մենք խաղացինք, հարյուր տոկոսով նվիրվեցինք, սակայն դա բավարար չեղավ»:

Ջոն Քարվեր. («Օմոնիա»). «Երեկ նշել էի, որ մեզ դժվարին խաղ է սպասվում: Ֆուտբոլիստերին նույնպես ասել էի, որ դժվար է լինելու եւ կարծում եմ՝ դա ապացուցվեց խաղադաշտում: Մենք մրցակցին չափից շատ պահեր թույլ տվեցինք: Ֆուտբոլիստներին ընդմիջմանն ասացի, որ գլխավորը կենտրոնացվածությունն է, բայց մենք «քնեցինք» նրանց խփաց գոլի ժամանակ: Առաջին խաղից հետո նշել էի, որ ինձ բավարարում է արդյունքը, սակայն դժգոհ եմ խաղից: Նույն զգացողություններն ունեմ նաեւ այսօր: Հանդիպման 90 րոպեների ընթացքում, ես ուրախանալու առիթներ չունեի, սակայն վերջին 30 րոպեներին տեղի ունեցավ շատ բան, ինչը երջանկացրեց ինձ: Ներկայիս մեր իրավիճակն այսպիսին է. ունենք նոր մարզիչ, նոր խաղային համակարգ, նոր ֆուտբոլիստներ, նրանք պետք է սովորեն ինձ եւ իմ խաղաոճին, եւ դրա համար ժամանակ է պետք: Կարծում եմ, որ խաղը հաղթեցինք, քանի որ ավելի լավ վիճակում էինք, քան մրցակիցը: Ինչ վերաբերում է մրցակցին, ապա «Բանանցի» մարզիչը կարող է հպարտ լինել այն ջանքերի, նվիրվածության եւ վճռականության համար, որը հաղորդել էր իր թիմին: Իհարկե, մեր երկրպագուները չեն կարող գոհ լինել նրանից, ինչ տեսան առաջին 90 րոպեների ընթացքում, սակայն նրանք, կարծում եմ, բավարարված տուն վերադարձան, քանի որ չորս գոլ խփեցինք եւ դուրս եկանք հաջորդ փուլ», փոխանցում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կիպրոսում անցկացված պատասխան հանդիպման 71-րդ րոպեին ռուսաստանցի հարձակվող Ացամազ Բուրաեւն խփեց «Բանանցի» հաղթական գոլը: Քանի որ նույն հաշվով Երեւանում հաղթել էին կիպրոսցիները, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դաշտի տերերը խփեցին 4 անպատասխան գոլ: 

Որակավորման երկրորդ փուլում «Օմոնիան» կհանդիպի Երուսաղեմի «Բեյտարին», որը պայքարից դուրս թողեց բոսնիական «Սլոբոդա Տուզլային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով