21:40  ,  5 հուլիսի, 2016

Աբրահամ Խաշմանյան. Միայն ցավում եմ գրանցված հաշվի համար

Միակ բանը, ինչի համար ցավում եմ, դա հաշիվն է, որը պետք է լիներ ոչ թե 3:0, այլ 6:0: Այս մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Անդորրայի ուժեղագույն ակումբ «Սանտա Կոլոմայի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում պատմեց տպավորությունների մասին:

«Եթե մրցակցի մարզիչը նեղվել է իմ խոսքերից, դա նրա խնդիրն է: Ասեմ, որ, երեւի, բոլորն էլ տեսան, թե մրցակիցն ինչ խաղ էր խաղում: Հանդիպումը ցույց տվեց, որ հենց առաջին րոպեներից նրանք գետնին պառկած, մրցավարի հետ վիճելով էին խաղում: Բարդ էր, քանի որ մեր խաղացողն անկարգապահ գտնվեց եւ թիմին թողեց 10 հոգով: Սակայն մենք կարողացանք կազմակերպված լինել եւ մրցակցին թույլ չտալ օգտվել այդ առավելությունից: Միակ բանը, ինչի համար ցավում եմ, դա հաշիվն է, որը պետք է լիներ ոչ թե 3:0, այլ 6:0:

Սա Չեմպիոնների լիգա է, իսկ մրցակիցը շատ տգեղ վարք էր դրսեւորում: Մրցակցի մարզիչը շատ նուրբ է: Եվրոպա է, եւ դա նորմալ եմ համարում: Ես չեմ վիրավորել ոչ մեկի, պարզապես ասել եմ, որ պրեսինգի ենք դիմելու, իսկ հիմա ասում եմ, որ ճզմեցինք նրանց: Իսկ թե ինչ է մտածում մրցակցի մարզիչը, դա նրանց խնդիրն է: Երբ մենք մնացինք 10 հոգով, ֆուտբոլիստներն ավտոմատ սկսեցին հետ քաշվել, ինչն անընդունելի էր այսօրվա խաղում: Մենք ոչ մի պահ պետք է առավելություն չտայինք մրցակցին: 10 հոգով էլ խաղացինք այնպես, ինչպես 11 հոգով պետք է գործեինք: Կարծում եմ՝ առավելություն ունեինք նաեւ 10 հոգով:

Ինչ վերաբերում է Միհրան Մանասյանի բացակայությանը հաջորդ խաղում, ապա Նորայր Գյոզալյանը լավ մտավ խաղի մեջ, ունենք արժանի փոխարինումներ: Եթե Հեբեր Արաուխոն հիմա էլ գա «Ալաշկերտ», նա չի լինի հիմնական կազմի խաղացող, եթե հանգստից հետո չլինի լավ վիճակում: Չեմ ասի, որ մեր խաղացողները տրվեցին սադրանքի, դա արեց միայն Մանասյանը, որի հետ ես զրուցել եմ: Նա պատժվելու է իմ կողմից, բայց սա ֆուտբոլ է՝ էմոցիաների խաղ: Միհրանն առանցքային խաղացող է, եւ մենք չենք կարող ճնշել նրան: Նա էլ է հասկանում իր սխալը եւ պատժվելու է, բայց սա ֆուտբոլ է: 3:0 հաշվի ժամանակ մրցակիցը փորձում էր կեղտոտ ֆուտբոլ խաղալ եւ անդադար հարվածում էր մեր խաղացողներին: Իմ ֆուտբոլիստները շատ կրթված ու դաստիարակված են: Երկրպագուների գործոնը շատ կարեւոր է: Առանց երկրպագու՝ ինչ ֆուտբոլ: «Ալաշկերտն» այսօր «Ալաշկերտ» է, դրա համար էլ երկրպագուները գալիս են ստադիոն: Մենք ամեն անգամ պատմություն ենք կերտում»,- նշեց Խաշմանյանը

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում «Ալաշկերտը» հաղթեց 3:0 հաշվով եւ դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Անդորրայում կայացած առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս